.jpg)
ՊՆ խորհրդական. Պետք է պահենք հաղթանակը, իսկ հաղթանակ պահելն ավելի դժվար է
Այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ, որի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով զինվորական սպաներ ու ազատամարտիկներ ստացան ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:
«Մեդալ ստանալը հաճելի է, քանի որ հասկանում ես` աշխատանքդ գնահատվում է»,- լրագորղների հետ զրույցում ասաց «Մարշալ Բաղարամյան» գերատեսչական մեդալով պարգևատրված Լիլիթ Հակոբյանն, ով ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական բաժնի պետն է:
«Հատկապես հաճելի է մեդալի արժանանալ նման տոնական օրվա առիթով: Կուզենամ, որ մեր այս անկախությունն ու ազատությունը մենք կարողանանք պահպանել երկար տարիներ ու ավելի զարգացնենք այն»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, ով այսօր նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, տոնի առիթով ողջ հայությանը միայն մի բան ցանկացավ` խաղաղություն.
«Մենք շատ ենք ու տարբեր երկրներով ցրված, բայց պիտի մի բան ասեմ` հայից խաղաղասեր մարդ չկա աշխարհիս երեսին»:
Մուրադ Սարգսյանը նշեց, որ սա ոչ միայն ՀՀ քաղաքացու տոնն է, այլ` ողջ հայության.
«Սա մեր ամբողջ ազգի, ամբողջ հայության տոնն է, քանի որ ողջ հայությունն արթնացել է ու հպարտ քայլում է այսօր: Մենք ամբողջ հայությունով ենք կերտել այս անկախությունն ու բոլորով ենք ստեղծել հայոց բանակը: Ընդհանրապես, բանակն առանց ժողովրդի լինել չի կարող և սա ոչ միայն թիկունք պահելու հարց է: Բանակի զինվորն էլ է ժողովրդի մի մաս և հենց այստեղ է ծագում համախմբման խնդիրը: 90-ականներին մենք կարողացանք համախմբվել ու ունեցանք հաղթանակ: Հիմա մնում է պահել այդ հաղթանակը, հատկապես երբ գիտենք` հաղթանակ պահելն ավելի դժվար է քան հաղթանակ տանելը»,- ասաց գեներալ-լեյտենանտը:
Նշենք, որ պարգևատրման արարողությանը ներկա էր ՀՀ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովն, ով ավելի վաղ իր շնորհավորական ուղերձում նշել էր` եթե Հայաստանին ու Հայոց բանակին նոր պատերազմ պարտադրվի, ապա մեր հաղթանակն այլընտրանք չպետք է ունենա.
«Ադրբեջանն օրեցօր սաստկացնում է ռազմատենչ հռետորաբանությունը: Բացառված չէ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը, որը լուրջ մարտահրավեր կլինի հայ ժողովրդի համար: Այդ պատերազմում մեր հաղթանակը այլընտրանք չպետք է ունենա: Ես համոզված եմ, որ եթե նորից մեզ պատերազմ պարտադրվի, ապա հայկական զինված ուժերը կրկին ցուցադրելու են մարտական դժվարագույն իրավիճակներում ամենաբարդ խնդիրները հաջողությամբ կատարելու ունակություն»,- ասել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետը: