.jpg)
Զեղչերի մոգական ուժը կամ որտեղ ավարտվում է հեքիաթը
Զեղչեր... Չգիտեմ` ով և երբ է հորինել այս մագնիսական բառը, սակայն այն լսելիս` շատերի մոտ արագանում է շնչառությունը, քթածակերը լայնանում են` ուրախությունից չխեղդվելու համար, իսկ հեռավորությունը մինչև զեղչեր հայտարարած խանութ աննշան և զարմանալիորեն կարճ է թվում:
Ընդ որում` որքան բարձր է զեղչը, այնքան այս բոլոր զգացողությունները սրվում են: Պատճառը, երևի, ակնհայտ է, սոցիալական պայմաններից բացի` մարդիկ սիրում են շահույթով առևտուր անել, մտածելով, որ չվճարեցին ավելին:
Սակայն այս մտքերը նույնքան խաբուսիկ են, որքան ցուցափեղկի վրա հսկայական չափերի զեղչերը:
Անձամբ ինձ զեղչերը միշտ մտորելու տեղիք են տալիս, մտածում եմ, ինչո՞ւ էին այդքան շատ պահանջում, եթե կարող էին նույնը 70 %-ով էժան վաճառել, և բացի այդ, ստացվում է` այդ ապրանքը իրականում չարժի այնքան, որքան վճարում ենք:
«Հայաստանի սպառողների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` իրեն ևս մտորելու տեղիք են տալիս այդքան բարձր զեղչերը, ավելի շուտ խաբերության կասկած են առաջացնում:
«Կան բազմաթիվ միջոցներ` սպառողներին մոլորության մեջ գցելու համար, սակայն ամենատարածվածը գինը զեղչելուց առաջ այն բարձրացնելն է, հետո դա զեղչելը: Շատ քիչ սպառողներ կան, որ հետևողական կլինեն և կհիշեն` նախկինում գինը որքան է եղել»,- ասաց նա:
Զեղչերից բացի խանութների թակարդում սպառողները հայտնվում են «մինչև» բառի շնորհիվ: Այն, որ խանութի ցուցափեղկին առկա է մինչև 70 % զեղչ գրությունը, դեռ չի նշանակում, որ ձեր բոլոր հավակնությունները կբավարարեք այդ խանութում:
70 % զեղչ, եթե գտնեք էլ, ապա միայն շատ հին ապրանքի վրա, որն արդեն բազմիցս կտրել է պահեստ-խանութ ճանապարհը: Իսկ «մինչև» բառը հնարավորություն է տալիս գրավել հաճախորդների և լավագույն դեպքում` չնչին զեղչով վաճառել ապրանքը կամ էլ ուշադրությունը գրավել նոր հավաքածուի վրա:
Ա. Պողոսյանի խոսքով` աշխարհում զեղչվում են ընդհանրապես այն ապրանքները, որոնք հագուստի դեպքում` դուրս են գալիս նորաձևությունից, իսկ սննդի դեպքում` մոտենում է պիտանելիության ժամկետի ավարտին:
«Օրինակ, ես կգնեմ զեղչված հավ, եթե նրա պիտանելիության ժամկետին մնա 5 օր և այդպես շատ մարդիկ կան: Զեղչը փոխշահավետ գործարք է ենթադրում սպառողի և ապրանքի տիրոջ միջև: Սակայն 70 % զեղչը պետք է մտահոգի ոչ միայն սպառողին, այլև պետական մարմիններին` ՏՄՊՊՀ-ին, ՊԵԿ-ին, իսկ վերջիններս էլ համագործակցեն սպառողական ՀԿ-ների հետ: Արևմուտքում օրենքով արգելվում է գինը փոփոխել 2 ամսվա ընթացքում զեղչելուց առաջ, բացի այդ, պետք է հստակ նշվի, որ խոսքը չի վերաբերում նոր հավաքածուին, քանի որ մարդիկ երբեմն շփոթվում և գնում են ապրանք` առանց իմանալու, որ այն զեղչված չէ»,- ասաց նա:
Ա. Պողոսյանի խոսքով` ինքը չի հիշում վերջին շրջանում երբ են զեղչերի համար տուգանվել խանութները, սակայն նման դեպքեր մեր իրականության մեջ եղել են:
Այսպես, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հագուստի և կոշիկի վաճառքով զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ այն պատճառ, որ խանութի կողմից հայտարարվել է 50% զեղչ ամբողջ տեսականու համար, սակայն հանձնաժողովը պարզել է, որը զեղչը գործում է միայն որոշ ապրանքատեսակների վրա:
2012 թ. վարույթ է հարուցվել նաև «Մանգո» խանութի նկատմամբ, որի հայտարարած 50 % զեղչը, պարզվել է, որ իրականությանը չի համապատասխանում:
Զեղչերի` իրականությանը չհամապատասխանելու պատճառով վարույթ է հարուցվել նաև «Արայ», «Վեգա», «Տեխնոլայֆ» խանութների նկատմամբ, որոնք հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ»:
«Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 5-20 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել:
Ընդ որում, նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել: «Վեգա» խանութի հայտարարած 110 տոկոս զեղչը ևս հայտնվել է ՏՄՊՊՀ-ի դիտակետում»,- ասված է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ:
Օրերսկ Երևանում «Cosmo shopping night» էր, որի ընթացքում մի շարք բրենդային խանութներ առաջարկում էին միայն այդ օրվա համար զեղչեր, որոնք սակայն նշված չէին ապրանքի վրա և գնելու դեպքում` կարող էր պարզվել, որ գնել ես չզեղչված ապրանք:
Մարդիկ, ովքեր միգուցե երբեք չէին հանդգնել մտնել որոշ խանութներ, այդ գիշեր նման համարձակություն ձեռք բերեցին, սակայն հեքիաթը այստեղ, ինչպես միշտ, ավարտվում է, քանի որ թանկ ապրանքը այդպես էլ հասանելի չէ շարքային գնորդի համար, իսկ զեղչը նոր ապրանքի վրա չի տարածվում: