Ինչպե՞ս դիմահարդարմամբ աչքերը տեսողականորեն մեծացնել
23/09/2013 19:50

Ինչպե՞ս դիմահարդարմամբ աչքերը տեսողականորեն մեծացնել

Եթե ունեք փոքր աչքեր, բայց դա Ձեզ դուր չի գալիս, մեծ է հավանականությունը, որ շարունակ մտածելով դրանք ընդգծելու մասին, կարող եք չափազանց շատ ներկել ու արհեստականորեն ավելի փոքրացնել...

Սրանից խուսափելու համար պետք է ուղղակի հիշել դիմահարդարման մի քանի կանոն:

Բաց գույնի ստվերաներկ օգտագործեք: Միայն թվում է, թե մուգ գույները ընդգծում են աչքը: Դրանք իրականում ծավալը փոքրացնող հատկություն ունեն:

Խաղացեք երանգների հետ: Աչքի ներսի ծայրում՝ քթի մոտ ընկած հատվածում, ավելի բաց երանգ օգտագործեք (կարելի է անգամ սպիտակ), նույնը՝ կոպի՝ ունքի տակի հատվածում:

Մատիտով աչքն ընդգծեք ոչ թե ներքին, այլ արտաքին մակերեսից:

Անցնելով թարթչաներկին` հիշեք, որ գունավոր թարթչաներկը բացի այն, որ այլևս նորաձև չէ, նաև աչքը փոքր ցույց տալու հատկություն ունի: Օգտվեք սովորական սև թարթչաներկից:

Վերևի թարթիչները ներկեք ավելի շատ, քան ներքևինը: Դա «կբացի» հայացքը: Ընդ որում, վերևի թարթիչները պետք չէ հավասարաչափ երկարացնել: Ցանկալի է, որ աչքի դրսի հատվածում դրանք ավելի երկար լինեն ու, դեպի ներս գնալով,աստիճանաբար կարճանան:

Որքան երկար լինի վերևի թարթիչների արտաքին կողմը, այնքան ավելի մեծ կերևան աչքերը: Այս իմաստով կարելի է օգտագործել ամեն հնարավոր բան` սկսած թարթիչները կլորացնող սարքից ու արհեստական թարթիչներից, մինչև թարթչաներկ քսելուց առաջ թարթիչների վրա մի քիչ դիմափոշի քսելը:

Եվս մեկ նրբություն: Եթե ցանկանում եք երազկոտ հայացք ստանալ, քսեք նախ ստվերաներկն ու մատիտը, ապա միայն` թարթիչաներկը: Իսկ եթե ուզում եք ստեղծել ինքնավստահ կնոջ կերպար, հակառակ հաջորդականությունը ավելի տեղին է: 

Ինչպե՞ս դիմահարդարմամբ աչքերը տեսողականորեն մեծացնել