23/09/2013 11:46
Զինծառայող Խ. Խաչատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի
Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի, նրանցից մեկը 1-ը կալանավորված է: Այդ մասին Aysor.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով` մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանի նկատմամբ ` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով, նա կալանավորված է:
Մեղադրանք է առաջադրվել նաև դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի (Մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս) հատկանիշներով:
Մեղադրանք է առաջադրվել նաև ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-ի 1-ին մասի (Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը) հատկանիշներով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:
Նախորդող հրապարակում` Արցախում զինվոր է զոհվել