.jpg)
2014թ.-ին մեկ մլն հատ սոճի կներկրվի Հայաստան
Հայաստանի անտառածածկ տարածքը 332 333 հա է, որը կազմում է հանրապետության 11.2 տոկոսը: Ուսումնասիրությունը կատարել է գերմանական GIZ կազմակերպությունը` զոնդավորման միջոցով: Այս մասին այսօր 2011թ.-ի ուսումնասիրման տվյալները լրագրողներին փոխանցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Բանախոսը նաև նշեց, որ 1990-ական թվականների անտառհատումների ֆոնին, 2000-ականներից իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ` շուրջ 31 հազար հա-ի վրա:
Նախատեսվում է նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում իրականացնել անտառատնկման աշխատանքներ` շուրջ 1 100 հա-ի վրա, տնկվելու են սոճիներ, որոնք նախնական պայմանավորվածությամբ ներկրվելու են Բելառուսից. 1 մլն հատ սոճի Հայաստանում կլինի 2014թ.-ի գարնանը:
Բացի պետական միջոցներից, Մ. Մաթևոսյան ասաց, որ անտառատնկման աշխատանքներ են իրականացրել միջազգային կազմակերպություները` Էյ-Թի-Փի-ն, Հայաստանի անտառներ և այլ կազմակերպություններ:
Անտառատնկման աշխատանքներին` սեզոնին ներգրավվում են 600-700 ժամանակավոր աշխատողներ` անտառամերձ և սահմանամերձ համայնքներից: