Սևան թափվող գետի վրա ՀԷԿ են կառուցելու
23/09/2013 20:22

Սևան թափվող գետի վրա ՀԷԿ են կառուցելու

«Դարանակ» նոր կառուցվող ՓՀԷԿ-ի վերաբերյալ տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ տեղի բնակչության և բոլոր շահագրգիռ կողմերի համար:

«Դարանակ» ՓՀԷԿ-ի համար նախատեսված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի դպրոցի դահլիճում: Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:

ՓՀԷԿ-երը կառուցվում են գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող ԳՀՀ վերականգնողական էներգետիկայի վարկավորման ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ 2012 թ.-ի հուլիսի 19-ին կառավարությունը որոշում կայացրեց` Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ չտալ, ու չանցած մեկ ամիս` օգոստոսի 15-ին ՀԿԾՀ-ն Դարանակ գետի վրա ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժղովի կողմից: Դարանակ գետը թափվում է Սևանա լիճ:

Իսկ մինչև այդ` 2012թ.-ի հուլիսի 4-ի 861 – Ն որոշման համաձայն փոխվել է Դարանակի գյուղական համայնքի հողերի գյուղատնտեսական նշանակության 0.4 հեկտարը և փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Հավելենք նաև, որ Սևան թափվող գետերի վրա Փոքր ՀԷԿ-երի կառուցումը ուղիղ համեմատական է լճում էնդեմիկ ձկնաշխարհի պահպանմանը, քանի որ Սևանի իշխանի ենթատեսակները բազմացման համար բարձրանում են Սևան թափվող գետերի մաքուր ակունքներ` ձվադրելու, իսկ ՀԷԿ-երի համալիրը չի թողնում ձկների տեղաշարժը գետն ի վեր:

Սևան թափվող գետերի վրա ներկայումս կա 13 ՀԷԿ-ի թույլտվություն, գործում են 7-8 ՀԷԿ, կառուցվում է ևս մեկը:
Հարց` հիմա Սևանի ձկնաշխարհը պահպանո՞ւմ ենք, թե՞ ՀԷԿ-եր ենք կառուցում. Եթե պահպանում ենք, ապա ՀԷԿ-երի կառուցումը հակառակն է ապացուցում, եթե ՀԷԿ-երին ենք նախապատվությունը տալիս, ապա պետք չէ «3 մանեթով» լացել` Սևանում իշխան չի մնացել կամ առանձնյակներ ենք տեսել:

Սևանի էնդեմիկ իշխանի պաշարները համալրելու նպատակով, վերջին տարիներին 428 մլն դրամի մանրաձուկ է լցվել Սևան, ահա այս գումարի շրջանակներում էլ իշխանի առանձնյակներ են երևում Սևանում և դա բոլորովին էլ բազմացման արդյունք չէ, այլ` ձկնալցոնման: Այն ժամանակ, երբ դադարեցվի այս գործընթացը «երևացող իշխանի առանձնյակներն» այլևս չեն երևա:

Ներկայումս Սևանա լճում ցանցավանդակային եղանակով պիլոտային ծրագիր է իրականցվում, որի նպատակը դարձյալ իշխանի համալրումն է, ծրագիրն իրականացնում են Սևան ազգային պարկն ու Էմի Ֆրութ ՍՊԸ-ն: Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակենրի վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիր է մշակվում, որը այս տարվա հոկտեմբերին ներկայացվելու է կառավարություն: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ իշխանը Սևանում չպակասի` և գումար է  տրամադրում, և պիլոտային ծրագրեր է իրականացնում, և իհարկե ՀԷԿ-երի կառուցում է  թույլատրում` միայն կառավարությանը հայտնի եղանակով:

Հիշեցում. արդեն կառավարության որոշմամբ արգելված է Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցում. պետք է որոշումները ոչ միայն ընդունել, այլև բովանդակությունը երբեմն կարդալ:
 

Սևան թափվող գետի վրա ՀԷԿ են կառուցելու