.jpg)
«Ալ-Կաիդայից» առաջացած խմբավորումներն ավելի վտանգավոր են, քան «Ալ-Կաիդան»
Սեպտեմբերի 21-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում իսլամական ծայրահեղականների կողմից «Վեսթգեյթ Մոլլ» առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով կա 60-ից ավելի զոհ (այդ թվում՝ օտարերկրացիներ) և տասնյակ վիրավորներ:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «ալ-Կաիդային» հարող և հարևան Սոմալիում գործող իսլամական ծայրահեղական «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» խմբավորումը, որի մոտ 15 զինյալներ շարունակում են պատանդ պահել տասնյակ քաղաքացիների վերոհիշյալ առևտրի կենտրոնում:
Սեպտեմբերի 22-ին «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» խմբավորումը թվիթերյան իրենց էջում տեղեկություն տարածեց, համաձայն որի՝ իսլամականների նման գործողություններն ուղղված են Քենիայի դեմ, ում մեղադրում են Սոմալիում ռազմուժ տեղակայելու մեջ:
Այսօր առավոտյան ահաբեկիչների մոտ գտնվող պատանդներին ազատագրելու նպատակով քենիական հատուկ ստորաբաժանումներն անցել են հարձակման, որին հաջորդել է իսլամականների ուղերձը, ըստ որի ահաբեկիչները կսպանեն պատանդներին, եթե քենիական ուժերը գնան ռազմական գործողությունների:
«Ալ-Կաիդային» հարող իսլամական ծայրահեղական կառույցը՝ «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» խմբավորումը, 2012 թ-ին մի շարք երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական կառույց, որի դեմ Սոմալիում պայքար է ընթանում, սակայն պարզ է, որ այդ խմբավորման նման բնորոշումն ու նրա դեմ պայքարը չի թուլացրել կազմակերպության դիրքերը:
Այն, որ իսլամական ծայրահեղականներն ունեն բավական ամուր դիրքեր Սոմալիում, դեռ վաղուց էր նկատվում: Այն նկատելի դարձավ 2013 թ-ի սկզբին, երբ Սոմալիում ձախողվեցին ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված գործողությունները: Ֆրանսիացիները փորձում էին ազատել «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» խմբավորման մարտիկների կողմից գերևարված իրենց գործակալին, սակայն այդ գործողությունների ընթացքում ֆրանսիացիները տվեցին 2 զոհ, իսկ իսլամականներն ունեցան 17 զոհ. ֆրանսիացիներին այդպես էլ չհաջողվեց ազատ արձակել իրենց աշխատակցին, իսկ իսլամականների մեծ մասին հաջողվեց թաքնվել: Կարելի է վերոհիշյալ ձախողման տարբեր պատճառներ փնտրել, սակայն պարզ է, որ իսլամականներն ունեցել են լուրջ ռազմական պատրաստություն, տեղանքում կողմնորոշվելու ունակություններ, որոշակի աջակցություն տեղաբնիկներից և այլն:
Ինչևէ, Քենիայի վրա սոմալիական իսլամականների նման հարձակումը վկայությունն է այն բանի, որ «ալ-Կաիդային» հարող աֆրիկյան այդ խմբավորումը ունակ է ակտիվ դերակատարում ունենալ ոչ միայն Սոմալիի ներսում, այլև դրա սահմաններից դուրս:
Շատ կարևոր է նաև նշել ջիհադականների կողմից Քենիայում տեղի ունեցած հարձակման կրոնական գործոնի շեշտադրումը. «Վեսթգեյթ Մոլլ» առևտրի կենտրոնի վրա հարձակումից անմիջապես հետո ջիհադականներն ազատ արձակեցին բոլոր մուսուլմաններին: Չնայած եղել է նաև հակառակ պատկերը՝ օրինակ պատանդներից մեկին սպանել են միայն այն բանի համար, որ նա չի կարողացել ասել Մուհամմադ մարգարեի մոր անունը:
Ինչևէ նման զարգացումները ցույց են տալիս, որ ջիհադական պայքարն աշխարհի տարբեր հատվածներում, իսկ այս դեպքը ապացուցեց, որ նաև Աֆրիկայում, շարունակվում է, իսկ «ալ-Կաիդային» հարող կառույցները, որոնք ճյուղավորվել են աշխարհով մեկ, վտանգ են ներկայացնում, միգուցե ավելի մեծ վտանգ, քան ներկայիս «ալ-Կաիդան» է: