.jpg)
Աղվան Պապիկյան. «Վստահ եմ` կհաղթենք»
«Փյունիկի» հարձակվող Աղվան Պապիկյանը Բարձրագույն խմբի 6-րդ տուրի արտագնա խաղում գրավեց «Շիրակի» դարպասը՝ բացելով իր գոլերի հաշիվն առաջնությունում: Այսօր «Փյունիկը» կրկին անգամ ուժերը չափելու է գործող չեմպիոնի հետ` այս անգամ Սուպերգավաթի շրջանակներում:
Նախքան գալիք խաղին անդրադառնալը, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Աղվանը խոսել է նաև Գյումրիում կայացած մրցավեճի մասին:
«Մինչև խաղը շատ վստահ էինք մեզ զգում, իհարկե գիտակցում էինք, որ դժվար է լինելու, բայց պատրաստ էինք դրան: Երևան 3 միավորով վերադառնալու ցանկությունը մեծ էր, ինչն էլ ստացվեց: Երկու գոլն էլ ստանդարտ դիրքից խփեցինք, որոնց վրա մարզումների ժամանակ շատ էինք աշխատել:
Առաջնությունում առաջին գոլս խփեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ էլի կարող էի աչքի ընկնել այդ խաղում, բայց կարևոր չէ, թե ով դարձավ գոլի հեղինակ, կարևորը թիմային արդյունքն է ու 3 միավորը, որը հաջողվեց նվաճել:
Սուպերգավաթի խաղին թիմը շատ լավ վիճակով է մոտենում: «Շիրակին» հաղթելուց հետո այժմ մեզ ավելի վստահ ենք զգում, սակայն գյումրեցիներն էլ վրեժխնդիր լինելու ցանկությամբ ու մարտական տրամադրվածությամբ են լինելու, այնպես որ շատ դժվար խաղ է սպասվում:
Մենք շատ լավ թիմ ունենք, եթե նույնիսկ մի քանի ֆուտբոլիստներ բաց թողնեն հանդիպումը, նրանց փոխարինողներն ամեն ինչ կանեն, որ բացը չնկատվի: Մենք ամեն դիրքում մի քանի լավ խաղացողներ ունենք, այնպես որ վստահ եմ՝ կհաղթենք»,- նշել է Պապիկյանը: