.jpg)
«Մուսուլման եղբայրների» գործունեությունը Եգիպտոսում կասեցվում է
Եգիպտոսի դատարանը սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել` արգելել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև՝ զրկել կառույցին ոչ առևտրային-հասարակական կազմակերպության կարգավիճակից, սեփականությունից: Ավելի վաղ եգիպտական դատարանը վճռել էր նաև սառեցնել կազմակերպության 14 ղեկավարների բանկային հաշիվները:
Իհարկե, Եգիպտոսի ժամանակովոր իշխանությունների նման կտրուկ քայլը հղի է բավականին բացասական հետևանքներով` ներքին և արտաքին բազմավեկտոր ուղղվածության: Նախ և առաջ, դրանով, փաստորեն, բացառվում է երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման քաղաքական գործընթացի հնարավորությունը: Գուցե առկա պայմաններում եգիպտական իշխող վերնախավն այլ ելք և հնարավորություն չուներ, կամ գոնե, ըստ նրանց, միայն այդպիսի գործողություններով էր հնարավոր վերականգնել արդեն տևական ժամանակ Եգիպտոսում տիրող անկայուն իրավիճակը, սակայն իշխանությունները պետք է պատրաստ լինեն դիմագրավելու նաև վատթարագույն սցենարներին: Նախ, լրջորեն տուժելու է եգիպտական իշխանությունների միջազգային վարկանիշը. զինվորականությանը հեղաշրջման մեջ մեղադրող մի շարք երկրներ հիմա էլ ջանք ու եռանդ չեն խնայելու` պախարակելու նրանց՝ ժողովրդավարական նորմերն ամբողջովին ոտնահարելու և «ռազմական դիկտատուրա» սահմանելու համար:
Մյուս կողմից, «Մուսուլման եղբայրներին» մնում է կրկին անցնել ընդհատակ, որտեղից կառույցը գործել է 1954 թ-ից ի վեր՝ մինչև Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումը:
Փաստորեն, եգիպտական իշխանությունների նման քայլը կարող է մղել կազմակերպությանը` որդեգրելու ծայրահեղ գործելաոճ` անգամ ահաբեկչական գործողությունների մարտավարությունը. այս հանգամանքն, իհարկե, ազդեցության բոլոր հնարավոր տարբերակներով կարող է լայնորեն տարածվել նաև արաբամուսուլմանական աշխարհի այն երկրներում, որտեղ ևս կթուլանան «Մուսուլման եղբայրների» դիրքերը:
Սպասել, թե «Մուսուլման եղբայրների» գործունեության կասեցմամբ Եգիպտոսում կվերականգնվի կայունությունն, առնվազն միամտություն է: