Աստղաբլոգ. Արժանապատվության, ճմրթված թղթապանակի ու «մասնավորի» մասին
24/09/2013 20:45

Աստղաբլոգ. Արժանապատվության, ճմրթված թղթապանակի ու «մասնավորի» մասին

Երեկ երեկոյան ես ու գործընկերուհիս մի այնպիսի «հերոսությամբ» տեղավորվեցինք 65 համարի երթուղայինում, որ քիչ էր մնում իմ աջ ձեռքի ցուցամատը կոտրվեր, բայց առանց կորուստների տուն հասանք:

Նախորդ օրվա վատ հիշողություններն ու նվաստացումը մտաբերելով, այսօր որոշեցի կանգառում մի փոքր ավելի երկար կանգնել ու «արհամարհելով» բոլոր գերբեռնված 65-ներին, սպասեցի ավտոբուսի: Ավտոբուսը գտնվեց: Ու թեև ես նստած չէի, բայց ուղիղ կանգնած եկա մի քանի կանագառ, որից հետո սկսվեց հրմշտոցը, որն ամեն կանգառում ավելի էր «ահագնանում», իսկ վարորդը միայն հասցնում էր գոռալ. «դռներից զգույշ», «մի քիչ էլ խտացեք», «բան չկա, ժողովուրդ ջան»:

Աերացիա գնացող տիկիններից մեկը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ չդիմացավ ու ասաց, որ եթե շարունակեն սեղմել իրեն, ապա իր մեջքը կկոտրվի: Համարյա 4.5 կանգառ դիմանալուց հետո, այս տիկնոջ ասածներն այնպես ոգևորեցին ինձ, որ ես որոշեցի ի լուր ավտոբուսի հայտնել իմ դժգոհությունը: Թե որտեղից մտքովս անցավ ինձ Մարտին Լյութերքինգի տեղը դնել ու ելույթս ավարտել կոչով, չգիտեմ, բայց բոլորին ոգևորված ասացի, որ միասին պետք է զանգենք բողոքենք, որովհետև վերջին 20 օրում իմ երկու զանգը կատարյալ անտարբերության էին մատնվել: Իսկ ահա այստեղ չդիմացավ իմ հետևում կանգնած տիկինը, ով նախ քթի տակ ու անհասցե, հետո՝ համարյա գոռալով ու ինձ դիմելով՝ ասաց.

«Խելոքիս տեսեք, զանգում ես ի՞նչ անես, ի՞նչ մի քեզ խելոքի տեղ ես դրել, ասեմ քեզ իմանաս, որ էս գծերը մասնավոր են, մաս-նա-վոր»:

Այս վերջինը տիկինն արտասանեց դատավճռի պես ու այնպիսի հայացքով, որ նշանակում էր` վերջ, բոլոր ճանապրհները փակ են:
Իմ վախվորած «այսինքնը» արժանացավ ավելի ահասարսուռ տոնով գոռգռոցների, բայց նույն բառերով` «գիծը մասնավոր է, մաս-նա-վոր»: Տիկինը այնպես էր արտասանում այս «մաս-նա-որը», որ քիչ էր մնում ավելացնի. «դու կատարյալ հիմար ես, եթե այսքանը չես հասկանում»:

Երրորդ անգամ ինչ-որ բան ասել ես չհամարձակվեցի, ինձ «փոխարինեց» մի երիտասարդ, ում տիկինը արդեն համբերատար պատասխանեց, որ 30 տարի է՝ Աերացիայում է ապրում, վերջին 10-ամյակում այսպես է երթևեկում ու իր սպիտակ մազերը վկայում են այն մասին, որ զանգել ոչ մեկին պետք չէ, քանի որ սա պետական չի, որ պահանջես, «ինչ կա էտ ա, ուզում եք ճղվեք՝ բան չի փոխվի»:

Երիտասարդը ևս որոշեց լռել, տիկինը մի փոքր ավելի ուշ, բայց նույնպես լռեց:

Իսկ ես մի ժամ է` ճմրթված թղթապանակիս եմ նայում, մտածում եմ թղթերիս մասին, որ վաղը նորից պիտի տպեմ, սպիտակ սպորտային կոշիկներիս մասին, այն մասին, թե ինչիս էին պետք սպիտակ կոշիկնկերը, եթե կարելի էր սևն առնել, տարատեսակ արժանապատվությունների ու երթուղայինների հետ դրանց «հարաբերությունների» մասին, մասնավորի մասին, որն այդպես ահաբակել էր տիկնոջը և վերջապես ամեն ինչին այդքան մասնավոր վերաբերվելու մասին, որն սկսվում է երթուղային ավտոբուսում ու ավրարտվում տանը, բակում, համալսարանում, աշխատավայրում, երկրում: 

Աստղաբլոգ. Արժանապատվության, ճմրթված թղթապանակի ու «մասնավորի» մասին