.jpg)
Բաղդասարովը պատժում է իր աշխատողներին
«Արմավիա» ավիաընկերության 20 աշխատակից «Փաստինֆոյին» պատմել են, որ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը որոշել է պատժել իրենց և չվճարել նախորդ ավելի քան 1 տարվա չվճարված աշխատավարձերը, իսկ զայրույթի պատճառն այն է, որ «Արմավիայի» այդ աշխատակիցները դեռ մայիս ամսին չվճարված աշխատավարձը նախկին գործատուից բռնագանձելու հայցով դիմել էին դատարան:
«Զուտ նրա համար, որ մենք դիմել ենք դատարան, Բաղդասարովը մեզ պատժի է ենթարկում, և այն 20 հոգուն, ովքեր դիմել են դատարան, հրաժարվում է փող տալ»,- ասել է «Արմավիայի» բորտուղեկցորդուհի Քրիստինե Մկրտչյանը:
Ընկերությունում սկսել են մաս-մաս վճարել նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ի վեր պարտք մնացած աշխատավարձերը: Բայց ինչպես վստահեցնում են այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված աշխատակիցները, ոչ բոլորին: Նախկին գործատուի զայրույթին արժանացած աշխատակիցները պատմում են նաև, որ փորձել են հանդիպել ընկերության ղեկավարությանը, սակայն, ո՛չ տնօրենը, ո՛չ էլ փոխտնօրենը չեն ընդունել իրենց:
«Մեզ ընդունեց ֆինանսական տնօրենը, ով բացահայտ ասաց, որ Բաղդասարովը կոնկրետ ձեր 20-ի վերաբերյալ հրահանգ է տվել, որ աշխատավարձ չբաժանեն»,- պատմել է զրուցակիցը:
Պետական բոլոր մարմիններում իրենց բողոքին ի պատասխան դարձյալ խորհուրդ են տվել դիմել դատարան, մինչդեռ իրենք պնդում են, որ դատարաններում էլ Բաղդասարովի միջամտությամբ հայցի քննությունն անվերջ հետաձգվում է: