.jpg)
Կահիրեն հետ է կանչել իր դեսպանին Անկարայից
Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ` Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ եգիպտացի ժողովուրդը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի դիրքորոշումը` ուղղված «իր դեմ և ոչ թե եգիպտական կառավարության» և պահանջում է խզել բոլոր տեսակի հարաբերություններն այդ երկրի հետ:
Եգիպտոսի գլխավոր դիվանագետը նշել է նաև, որ Կահիրեն հետ է կանչել իր դեսպանին Անկարայից, դադարեցրել համագործակցությունը Թուրքիայի հետ, մերժել է թուրքական կողմի խնդրանքը` Կահիրեում դեսպանատան աշխատակիցների թվի ավելացման հետ կապված:
Այս ամենն, ըստ Ֆահմիի, պայմանավորված է Թուրքիայի վարած քաղաքականությամբ, որի նպատակը Եգիպտոսի ինքնավարությանը վնաս հասցնելն է:
Նման կոշտ հռետորաբանությունն, ինչպես նաև` վերջին շրջանում Եգիպտոսում անընդհատ աճող հակաթուրքական տրամադրություններն, իհարկե, պաշտոնական Անկարային ուղղված եգիպտական մի շարք շրջանակների համարժեք պատասխաններն են. այդ շարքից է նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ քննարկումների աճը եգիպտական հասարակական-քաղաքական տարբեր հարթակներում:
Փաստորեն ևս մեկ «հարևանի» հարցում թուրքական դիվանագիտության հաշվարկները սխալ դուրս եկան: Վերջին տարիներին թուրքական իշխանությունների կողմից տարածաշրջանային մի շարք վարչակարգերի հասցեին հնչող «հակաժողովրդավարական» գործողությունների, անգամ սեփական ժողովուրդներին ցեղասպանելու առնչությամբ անխնա ամբաստանությունները, այդ «հակաժողովրդավարների» և «ցեղասպանների» դեմ բազմատեսակ մեթոդներով պայքարող տարաբնույթ «ժողովրդավարական» և ահաբեկչական ուժերին ցուցաբերվող ստվերային համակողմանի աջակցությունն առնվազն վնասում են Անկարայի վարկը արաբամուսուլմանական աշխարհում, նրա դեմ տրամադրում հարևան պետությունների իշխանություններին և հասարակությունների գերակշռող հատվածներին` հերթական անգամ վերահավաստելով հնուց ի վեր Թուրքիայի վաստակած «խառնակիչ» հարևանի համբավը:
Ի վերջո, բոլոր դեպքերում Թուրքիայի «անկեղծ» ցանկությունները միմիայն ապակայունացնում են հարևան երկրները: