.jpg)
Հումմաթով. Թալիշները սխալվել են, որ Ադրբեջանը համարել են իրենց հայրենիքը
Ադրբեջանում թալիշներին չեն հարգում, ձուլման քաղաքականություն վարելով՝ նրանց ոչնչացնում են: Այդ մասին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ (1993թ.) Ալի Աքրամ Հումմաթովը:
Թալիշների ազգային շարժման ղեկավարը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից մշակված «Թալիշագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի ներկայացման արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում թալիշների խնդիրներին, մասնավորապես նշել է. «Թալիշներն Ադրբեջանում զրկված են իրենց տարրական իրավունքներից: Մեզ՝ թալիշներիս, չեն հարգում, մեզ ոչնչացնում են, մեր հանդեպ վարում են ձուլման քաղաքականություն, իսկ այնուհետև հայտարարում, թե մենք եղբայրներ ենք. Դա պարզապես անտրամաբանական է:
Մենք ուզում ենք գրել, կարդալ մեր մայրենի լեզվով, ի պատասխան մեր պահանջներին, նրանք (Ադրբեջանի իշխանությունները) բացահայտ հայտարարում են, դուք՝ թալիշներդ, ապագա չունեք, դուք պետք է ձուլվեք»:
Թալիշ ազգային գործիչը, անդրադառնալով թալիշների կողմից անկախ պետություն հռչակելու հավանականությանը, նշել է. «Մենք սխալվել ենք, ինչ-որ բաներ չենք հասկացել: Մենք Ադրբեջանը համարում էինք մեր հայրենիքը, նույնիսկ նրա համար պատրաստ էինք զոհվել, սակայն հայրենիքը ևս պետք է մեզ տեր կանգնի, իսկ եթե հրաժարվում է, ապա մենք մեր հայրենիքն ունենք, մենք կկառուցենք մեր հայրենիքը՝ Թալիշստանը:
«Մեր երիտասարների մոտ արդեն ինքնագիտակցություն կա, մեզ չեն կարող այլևս կանգնեցնել: Մենք խոսելու ենք թալիշերենով, մենք պայքարելու ենք մեր անկախության համար»,- հավելել է Հումմաթովը:
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից թալիշների լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրությունն անչափ կարևոր է թալիշ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար»,- հայտարարել է Հումմաթովը և հավելել, որ Արցախից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի շնորհիվ բազմաթիվ թալիշներ, այդ թվում՝ և ինքը, սկսել են թալիշերեն սովորել:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, իր խոսքում, անդրադառնալով թալիշագիտության խնդիրներին, նշեց, որ անցած տարիների ընթացքում թալիշագիտության տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել. 2005թ. կազմակերպվել է թալիշագիտական առաջին, իսկ 2011թվականին՝ 2-րդ կոնֆերնասը, թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ հրատարկվել են մի շարք գրքեր, 2013թ. գործարկվել է «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը: