.jpg)
Արցախի Քոլատակ գյուղի սուրբ Հակոբավանքում ընթացող պեղումներն ավարտվել են
2013թ. օգոստոսի 1-ից օգոստոսի 31-ը ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ պեղման-մաքրման աշխատանքներ իրականացվեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Մեծառանից սբ. Հակոբավանքի վանքային համալիրում: Այս մասին գրում է karabakh-open.info-ն:
Աշխատանքներն իրականացվեցին մասնավոր հատվածի` բարեգործների ֆինանսավորմամբ: Արշավախմբի ղեկավարն էր հնագետ Գագիկ Սարգսյանը, ճարտարապետը` Սամվել Այվազյանը:
Արշավախմբի նպատակն էր ազատել հուշարձանախումբը փարթամ աճած և շինությունները վտանգող բուսականությունից, մաքրել հոգևոր, արևելյան բնակելի (վեհարան) և մուտքի շրջակայքի կառույցները փլատակներից և կուտակված հողից, ճշտել հուշարձանախմբի թվագրությունը, հնարավորինս պարզել մեզ հասած շինությունների ժամանակագրությունը, նրանց վերակառուցումների, հավելումների ու վերանորոգումների քանակն ու հերթականությունը, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա չափագրելու նշված կառույցները:
Հակոբավանքը գտնվում է Քոլատակ գյուղից մոտ 2կմ. հյուսիս, անտառապատ գոտում: Համալիրի հոգևոր կառույցները բաղկացած են երկու եկեղեցուց, երկու գավթից: Վեհարանը կազմված է ուղղանկյուն, բաց սրահի շուրջը դասավորված չորս թաղակապ սենյակներից: Մուտքից սկսվող և արևմուտք-արևելք ձգվող միջանցքի երկու կողմերում դասավորված են նորից չորս սենյակներ, որոնցից հյուսիսակողմյան երկուսն անջատված են միմյանցից միջանցքով: Համալիրի կազմում կան բնակելի և տնտեսական նշանակության այլ շինություններ ևս, որոնք ավերված են ու ծածկված փլատակներով: Համալիրի կառույցները հիմնականում տեղադրված են շրջապարիսպների երկայնքով:
Կատարված աշխատանքների մասին karabakh-open.info-ի հետ կիսվեց հնագետ Գ. Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ արշավախումբն աշխատանքները սկսեց գրեթե ամենուր աճած ծառերի հատումով, որոնք ոչ միայն փակում էին համալիրի տեսադաշտը, այլև` լուրջ վտանգ էին ներկայացնում կառույցների կայունությանը: Հեռացվեցին նաև թփուտներն ու մացառները, որոնք աճել էին նաև կառույցների տանիքներին: Տանիքները մշակվեցին բուսականությունը վերացնող հատուկ նյութով` հերբիցիտով:
Գլխավոր՝ արևմտյան մուտքի շրջակայքի կառույցներից հեռացվեցին փլատակները, ընդ որում առանձնացվեցին կառույցներին պատկանող քարերը հողից (հողը մեծամասամբ տանիքը պատող հողածածկույթն էր, որ լցված էր եղել քարե թաղի վրա): Համալիրի այս խմբի սենյակներից մասամբ մաքրվեցին հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան կողմի սենյակները, քանի որ դրանցում մասնակի մաքրումով արդեն հայտնաբերվեցին հատակի նիշերն ու սենյակների չափերն ու բացվածքները, որոնք հնարավորություն են տալիս չափագրելու և վերականգնման նախագիծ կազմելու:
Արևելյան բնակելի կառույցները (վեհարան) ամբողջությամբ մաքրվեցին փլատակներից, առանձնացվեցին և բակի հարավային, ինչպես նաև պարիսպներից դուրս՝ արևելյան կողմում կուտակվեցին հուշարձանապատկան քարերը, իսկ հողը հեռացվեց պարիսպներից դուրս՝ հյուսիս-արևելյան կողմ: Արդյունքում բոլոր սենյակներում բացվեցին հատակները, մաքրվեցին փլատակներով լցված բացվածքներն ու որմնախորշերը, ամբողջովին բացվեց և ուրվագծվեց արևելյան գրեթե կիսով չափ ավերակների մեջ թաղված սենյակը: