Թալիշական ազգային շարժման առաջնորդն այցելել է Արցախ
26/09/2013 20:37

Թալիշական ազգային շարժման առաջնորդն այցելել է Արցախ

Սեպտեմբերի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճատև այցով Ստեփանակերտ ժամանած Թալիշական ազգային շարժման առաջնորդ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովին (Հումմաթզոդա)՝ վերջինիս խնդրանքով։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Նրան ուղեկցում էր Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագիտության Կովկասյան կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և թալիշ ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությանը։ Երկուստեք ափսոսանքով նշվեց, որ նախնյաց թողած այդ բարի ավանդույթները վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով գրեթե մոռացության են մատնվել։

Ա. Հումմաթովի խոսքով՝ ինքը և իր շատ հայրենակիցներ ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձեռքբերումներին անկախ պետականության կառուցման ճանապարհին, ինչի համար նա շնորհավորեց Արցախի խորհրդարանի նախագահին։ Մեր ժողովուրդը, ասաց նա, նույնպես երազում է սեփական ազգային պետություն կառուցելու մասին, ինչի իրականացմանն է ուղղված Թալիշական ազգային շարժումը»,- նշված է հաղորդագրությունում։ 

Թալիշական ազգային շարժման առաջնորդն այցելել է Արցախ