Ճարտարապետ. Հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ այն քանդելու համար
26/09/2013 20:13

Ճարտարապետ. Հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ այն քանդելու համար

Այսօր Հանրային խորհրդում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հետագա ճակատագրին վերաբերող քննարկմանը ներկա ճարտարապետները համակարծիք էին, որ շենքը չպետք է քանդվի:

«Կոլիզեյն էլ է քանդվում, հին է, թող քանդեն: Չեն քանդի, որովհետև մարդիկ հարցին մոտենում են արժեքները պահպանելու տեսանկյունից: Բոլորվին կարևոր չէ` որքան գումար կպահանջվի այն պահպանելու համար: Հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ հուշարձանը քանդելու համար: Մեր պարտականությունը այն պահպանելն է: Շատ շնորհակալ ենք, որ ներդրողները գումարներ են բերում մեր երկիր, բայց պետք է պահպանել այն արժեքները, որոնք ստեղծվել են առանց այդ ներդրողների»,- ասաց ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ ասաց, որ անշուշտ, արժեքն արժեք է. «Եթե շուկան կռիսանոց էր, Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են: Եթե Կոլիզեյը չլինի հսկայական հարված կհասնի տուրիզմին Հռոմում: Եթե «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հարկադրված է պահպանել այդ շենքը, պետք է ասեմ, որ վերանորոգելն էլ հարցի լուծում չէ, այն պետք է օգտագործվի: Իսկ այն պետք է օգտագործել առանց այն աղճատելու, այնպես պետք է օգտագործլ, որ այն և ներքին տեսքը պահպանի և արտաքին»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ այս քննարկումը լավ նախադեպ է. «Միշտ պատճառ կգտնվի քանդելու, ամենադժվարը` պահելն է: Սա արդյունք կտա և լավ արդյունք կտա»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը:

Նախորդող հրապարակումներ՝  12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը

Վաղը կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը

Ճարտարապետ. Հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ այն քանդելու համար