.jpg)
Սիրիայում առաջա՞րկն է ծնում պահանջարկ
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» խմբի` արևմտյան, տարածաշրջանային և արաբական մի շարք պետությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել այն մասին, որ կառույցը որոշել է ավելացնել և ընդլայնել «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային» ցուցաբերվող աջակցությունն իր բոլոր բաղադրիչներով, որի նպատակն է` ապահովել Սիրիայում խաղաղ քաղաքական անցումը և իրական այլընտրանքի ստեղծումը սիրիական գործող վարչակարգին, ինչպես նաև՝ երկրի տարբեր հատվածներում հանդես եկող ծայրահեղական խմբավորումներին:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, թե Սաուդյան Արաբիան ֆինանսական առաջարկ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին` Սիրիայի դեմ ռազմական հարձակում նախաձեռնելու: Մասնավորապես, Էր Ռիադն առաջարկել է 200 մլրդ դոլար` նման գործողության կազմակերպման համար: Իհարկե, այս գումարը չի ներառում այն միջոցները, որ թագավորությունը նախորդ 30 ամիսների ընթացքում տրամադրել է որպես աջակցություն սիրիական «ընդդիմության» զինված հատվածին և հատկապես սալաֆիական խմբավորումներին: Էր-Ռիադը սիրիական հակակառավարական խմբավորումների գլխավոր հովանավորն է՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ հարևան պետությունների տարածքում, որտեղ անցկացվում են գրոհայինների մարզումներն ու նախապատրաստումը:
Ի՞նչ է ստացվում արդյունքում: Փաստորեն, շուրջ 30 ամիս շարունակվող սիրիական ճգնաժամի ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել հակաասադյան կոալիցիայի մարտավարության մեջ: Փոփոխություններն ակնհայտ են և անընդհատ Սիրիայի ներսում. ամեն նոր օր միջինում 100 զոհ, 1000-ավոր փախստականներ, նորանոր ավերածություններ:
Այս դեպքում, փաստորեն, շուրջ 200 տարի առաջ ֆրանսիացի տնտեսագետ Ժան Բատիստ Սեյի հեղինակած տնտեսագիտության առանցքային հիպոթեզերից մեկի տրամաբանությունը հակառակ տեսքն է ստանում`«առաջարկն է ծնում պահանջարկ». Քանի դեռ շարունակվեն ֆինանսական, քաղաքական, ռազմական և այլ բնույթի «աջակցությունները» սիրիական հակակառավարական ուժերին, միշտ էլ կգտնվեն ուժեր և միջոցներ դրանք սպառելու համար: