.jpg)
Նյու Յորքում կայացել է Իրանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը
Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ ժամեր առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարարների մակարդակով կայացել է Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը:
Հանդիպման ավարտին ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը կարևոր էր: Էշթոնի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել, հաջորդ հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 15-16-ը՝ Ժնևում:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է, որ «5+1 խմբի» հետ կայացած հանդիպումից հետո կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զարիֆը շեշտել է Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը: