Մասիսի հիվանդանոցում մահացած Ց. Մկրտչյանի գործը անընդհատ ձգձգվում է
28/09/2013 17:37

Մասիսի հիվանդանոցում մահացած Ց. Մկրտչյանի գործը անընդհատ ձգձգվում է

Մասիսի հիվանդանոցում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը անընդհատ ձգձգվում է, իսկ այս գործով փաստաբան Ինեսա Պետրոսյանի բոլոր միջնորդությունները` մերժվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ի. Պետրոսյանը:

Նրա խոսքով` դա պատճառաբանվում է նրանով, որ պատրաստ չէ երրորդ փորձաքննության պատասխանը: «Ամեն անգամ ասում են, որ այն պատրաստ կլինի այս քանի օրը, սակայն պատասխան չկա և իմ բոլոր միջնորդությունները այն պատճառաբանությամբ են մերժվում, որ դեռևս պատրաստ չէ այդ պատասխանը»,- ասաց նա:   

Հիշեցնենք, որ ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ի. Պետրոսյանը ասել է, որ ապրիլի 2-ին Ց. Մկրտչյանը որովայնի շրջանում ցավեր է ունեցել և դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

«Բժիշկներին ասել էին, որ նա դեղորայքային ալերգիա ունի և որևէ դեղ չի կարող ընդունել: Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը, առանց որևէ հետազոտություն անցկացնելու, միայն ձեռքով որովայնը շոշափել էր ու հայտնել, որ ցավերը կարող են լինել սնունդից, և ուղարկել էր տուն՝ ասելով, որ ամեն ինչ կհարթվի»,- պատմել էր Ի. Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այդ օրը գիշերը Ց. Մկրտչյանի կինը 03.00-ի սահմաններում արթնանում է ու տեսնում, որ Ցոլակը համակարգչի մոտ է նստած: «Ցոլակը կնոջը ասում է, որ ցավերը ուժգնացել են, և քանի որ այդ օրվա հերթապահը իր բժիշկն է, ինքը արագ կգնա նրա մոտ հետազոտության: Կինը ընթացքում զանգահարում է նրա բջջային հեռախոսին, սակայն Ցոլակը առաջինը անջատում է երևի ու դրանից հետո չի պատասխանում: Կինը զանգում է ամուսնու եղբորը, ով էլ գնում է հիվանդանոց ու տեսնում, որ Ցոլակի մարմինը կապտել, ուռել է: Գ. Գևորգյանը այդպես էլ գրել էր, որ մահվան պատճառը անաֆիլակտիկ շոկն է, ըստ մահվան վկայականի՝ մահվան պատճառը սրտի պսակաձև անոթի արյան շրջանառության խանգարումն է: Նրան հիվանդանոցում բարալգետասի ներերակային ներարկում է արվել, թեև նա ուներ դեղորայքային ալերգիա»,- ասել էր Պողոսյանը:

Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստի կապակցությամբ երեկ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի (բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) հատկանիշներով:

Նախորդող հրապարակում` Մասիսում մահացած 27-ամյա Ց. Մկրտչյանը առողջ էր. Հարուցվել է քրգործ

Միջադեպ հիվանդանցում՝ Ց. Մկրտչյանի մահվան գործով բժշկի մասնակցությամբ

Մասիսի հիվանդանոցում մահացած Ց. Մկրտչյանի գործը անընդհատ ձգձգվում է