.jpg)
Համանախագահների կոչը. Զերծ մնալ հակամարտության սրման տանող գործողությունից
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարները և համանախագահները շարունակել են քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։
Համանախագահները ընդգծել են իրենց երեք երկրների հանձնառությունը` աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակողչել են ս.թ. հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որևիցե գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին և հակամարտության սրմանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Համանախագահները տեղեկացրել են, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ Նախագահների հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված գագաթաժողովին առնչվող հարցեր։