.jpg)
Կինը սպանել է ամուսնուն՝ արդարանալով, թե նա հիվանդ էր ու չէր աշխատում
Գոհար Սեդրակյանը 1982 թվականին ամուսնացել էր Ստեփան Հարությունյանի հետ և համատեղ կյանքի ընթացքում ունեցել չորս երեխա: Համերաշխ ընտանիք էին, ընտանեկան մթնոլորտը խաղաղ էր, մինչ այն պահը երբ ամուսինը հիվանդացավ:
Ստեփան Հարությունյանը վատառողջ էր, չէր կարողանում աշխատել ու հոգալ ընտանիքի կարիքները, ինչի հետևանքով կնոջ հետ փոխհարաբերությունները կտրուկ լարվեցին: Կենցաղային բնույթի տհաճ խոսակցություններն ու վիճաբանությունները գրեթե չէին դադարում: Ստեփանի առողջական վիճակն այնքան էլ վատթարացել, որ չէր կարողանում անգամ քայլել: 2008 թվականի մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, գտնվելով անկողնային վիճակում, նա վայր է ընկնում բազմոցից:
Կինը բարձրացնում է նրան ու պառկեցնում բազմոցին: Ժամը 05:00-ի սահմաններում ամուսինը կրկին վայր է ընկնում, «հոգատար» կինը դարձյալ փորձում է պառկեցնել նրան, սակայն զայրանալով, երևի թե, քունը խանգարված ամուսնու վրա, 3-4 անգամ հարվածում է ամուսնու գլխին ու մարմնի մյուս մասերին: Ստեփան Հարությունյանը փորձում է պաշտպանվել, սակայն հայհոյելուց բացի ոչինչ անել չի կարողանում:
Հայհոյանքներն ավելի են նյարդայնացնում կնոջն ու կատարվում է սարսափելին. Գոհարը խեղդամահ է անում ամուսնուն. երկու ձեռքով սեղմում է կոկորդն այնքան ժամանակ, մինչև համոզվում է, որ մահը վրա է հասել: Սպանության հանգամանքը հարևաններից թաքցնելու նպատակով՝ առավոտյան Գոհարը բոլորին պատմում է, թե Ստեփանն իր մահով է մահացել՝ կարծելով, թե իրեն կհավատան, քանի որ բոլորն էլ տեղյակ էին, որ նա վատառողջ էր:
Գոհարի և Ստեփանի դուստրը` Ամալյա Հարությունյանը, հարևանի զանգից տեղեկանալով, որ հայրը մահացել է, անմիջապես գալիս է ծնողների տուն ու տեսնում, որ հայրը մեջքով պառկած է բազմոցին` աչքերը փակ վիճակում:
Դուստրը նույն օրը ոստիկանության բաժնում դիմում է ներկայացրել հոր հանկարծամահության վերաբերյալ: Հետագայում տեղեկանալով, որ հորը խեղդամահ են արել` հասկացել է, որ բացի մորից այլ անձ չէր կարող սպանել հորը, քանի որ տանը գտնվել են երկուսով:
Գործի քննության արդյունքում պարզվել է, որ Գոհար Սեդրակյանը ինչպես հանցանքը կատարելու պահին, այնպես էլ հետագայում եղել է մեղսունակ, ունակ է եղել հաշիվ տալու իր գործողություններին և ղեկավարել դրանք:
Դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ նա կյանքից ապօրինաբար զրկվել է մի անձի, ով եղել է անօգնական վիճակում, չի կարողացել դիմադրություն ցույց տալ ու փորձել պաշտպանվել: Գոհարը, որպես իր արարքի արդարացում, նշել է, թե հոգնել էր հիվանդ ամուսնուց ու նրա պատճառած անհանգստություններից:
Դատական տեղեկատուի հաղորդմամբ՝ Գոհար Սեդրակյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Անունները փոխված են: