.jpg)
Դմիտրի Խվորոստովսկի. Ձեր հողը սուրբ է ինձ համար. Ֆոտոշարք
Սեպտեմբերի 29–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ կունենա աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դ. Խվորստովսկին ասաց, որ ուրախ է նորից Հայաստան այցելելու համար: «Առաջին անգամ 8 տարի առաջ եմ եղել այս երկրում, ես այն շատ սիրեցի, շատ հայ ընկերներ ունեմ ողջ աշխարհում և ձեր հողը ինձ համար սուրբ է: Այս համերգը նվեր է ձեզ բոլորիդ»,- ասաց նա:
Նրա` Հայաստան առաջին այցի մանրամասները ներկայացրեց ասուլիսին ներկա կոնստանտին Օրբելյան-կրտսերը, ով լինելու է վաղվա համերգի դիրիժորը:

«Այցը համերգ ունենալու նպատակով չէր, պարզապես պետք է ներկա գտնվեր Ազգային ժողովի մոտ անցկացվող համերգին: Դ. Խվորոստովսկին այդ օրը ընդհանրապես չպետք է երգեր»,- ասաց նա, իսկ Դ. Խվորոստովսկին շարունակեց պատմությունը.
«Բոլորը, ովքեր գիտեին, որ ես գալու եմ Երևան, մտածում էին, թե երգելու եմ, բայց ես բոլորին ասում էի` չեմ երգելու: Բայց ոչ ոք չէր հավատում ու արդյունքում ինձ անգամ կոնսպիրատոր անվանեցին: Արդյունքում` ես երգեցի, բայց այնքան էի Օրբելյանին ասել, որ չեմ երգելու, որ համոզել էի նրան ու ինքը ոչ մի նոտա իր հետ չէր վերցրել: Ու երբ ես բարձրացա բեմ ու սկսեցի թվարկել, թե ինչ եմ պատրաստվում կատարել, Օրբելյանը ասաց, որ նոտա չունի, ու ես ստիպված ակապելո երգեցի»,- հավելեց երգիչը:

Հարցին` երաժշտական որ ոճն է իրեն ավել հոգեհարազատ, Դ. Խվորոստովսկի ժպիտով ասաց` կարող եք գուշակել, հետո էլ նշեց. «Ես օպերային երգիչ եմ, և իմ համար առաջնայինը, իհարկե, օպերան է»,- ասաց նա:

Հարցին` իսկ ինչ փոփոխություններ է նկատում Երևանում, Դ. Խվորոստովսկին նշեց. «Տեսնում եմ, որ այստեղ մաքուր է, արևային եղանակ, մարդիկ ուրախ են, բոլորը թեթև հագնված, իսկ Մոսկվայում այնքան զզվելի եղանակ է»,- ժպիտով ասաց նա:
Թեև երգիչը խոստովանեց, որ Երևանում շատ չոր կլիմա է: «Երևի նրանից է, որ լեռնային շրջան է, և փորձերի ժամանակ չեմ կարողանում անգամ թուքս կուլ տալ, չնայած ես ցրտին էլ եմ երգել»,- ասաց նա:

Համերգի տոմսերի արժեքը տատանվում է 5 հազար դրամից մինչև 50 հազար դրամի սահմաններում, սակայն, կազմակերպիչների խոսքով` տոմսերը գրեթե սպառված են:



