Իրանի նախագահ Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցի 3 կարևոր ձեռքբերումները
30/09/2013 21:23

Իրանի նախագահ Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցի 3 կարևոր ձեռքբերումները

Վերջին օրերին համաշխարհային մամուլի թերևս ամենակարևոր տեղեկատվությունը սեպտեմբերի 28-ին Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացած պատմական հեռախոսազրույցն էր:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ունեցած հանդիպումների և հնչեցրած հայտարարությունների մասին այս օրերին շատ է խոսվել. Չխորանալով դրանց մանրամասնությունների մեջ՝ նկատենք, որ Ռոհանիի այցն ԱՄՆ նշանավորվեց երեք կարևոր իրադարձությամբ.

Ա. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը (Զրույցի ընթացքում նախագահները շեշտել են միջուկային խնդրի արագ հանգուցալուծման գործում քաղաքական կամք դրսևորելու և տարածաշրջանային խնդիրների շուրջ երկկողմ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը):

Բ. ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում Նյու Յորքում հանդիպեցին Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարները (ԻԻՀ ԱԳ նախարարը շեշտել է Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը)

Գ.Իրանի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարարների մակարդակով կայացավ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը: (Կողմերը համաձայնության են եկել հաջորդ հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 15-16-ը՝ Ժնևում):

Ինչ վերաբերում է միջուկային խնդրին, ապա Իրանի նոր իշխանությունները հակված են Արևմուտքի հետ լուրջ բանակցություններ անցկացնել, որոնք շատ կարճ ժամկետում կհանգեցնեն շոշափելի արդյունքների: (Ինչպես Ռոհանին իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, Իրանը հույս ունի, որ միջուկային խնդիրը կլուծվի 3-6 ամսում):

Թերևս Արևմուտքի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով էր, որ Հասան Ռոհանին բանակցություններն անցկացնելու լիազորություններն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից փոխանցեց արտաքին գործերի նախարարությանը:

Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ պարբերաբար հնչած մտահոգությունների ֆոնին, բավականին հետաքրքրական էր Ռոհանիի՝ ՄԱԿ-ում «Միջուկային զենքի չտարածման համաժողով 2013»-ի շրջանակներում ունեցած ելույթը, որի ընթացքում վերջինս կոչ արեց, որպեսզի Իսրայելն առանց հապաղելու, անմիջապես միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: (Իրանը դեռևս 1968թ. է ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը):

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը՝ նշենք, որ դրանք ի թիվս այլ գործոնների, կախված են նաև տարածաշրջանային զարգացումներից:

Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու՝ ԱՄՆ նախագահի ընդունած որոշումից հետո մտավախություն կար, թե Հասան Ռոհանիի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քաղաքականությունը կարող է ձախողվել: Հենց այդ պատճառով էր, որ Իրանը զերծ մնաց Սիրիայի հարցում կտրուկ հայտարարություններ անելուց, որպեսզի հարաբերությունների կարգավորման հեռանկարը չմտնի փակուղի:

Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից: ԱՄՆ-ն առանց Իրանի անուղղակի աջակցության, պարզապես չի կարող Իրաքում և Աֆղանստանում կայունություն ապահովել, Պարսից ծոցում իրավիճակի անկայունությունը նույնպես չի բխում ԱՄՆ-ի շահերից: Դատելով Սիրիայի հարցում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած խորհրդակցություններից և դրան հետևած զարգացումներից, չի բացառվում, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Սիրիայի հարցում որոշակի պայմանավորվածություն տեղի ունեցած լինի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նոր իշխանությունների կարևորագույն նպատակը տնտեսական պատժամիջոցները հնարավորինս մեղմացնելն է, քանի որ պատժամիջոցների հետևանքով կրճատվել են նավթի արտահանման ծավալները, թանկացել պարենային ապրանքները, արտարժույթի կտրուկ փոփոխությունները մեծ վնաս են հասցրել փոքր և միջին բիզնեսին:

Դատելով եվրոպացի գործընկերների հետ Հասան Ռոհանիի հանդիպումներից՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ընդամենը 2 ամսվա ընթացքում Իրանի նոր իշխանությունները կարողացան Ահմադինեժադի վարած արտաքին քաղաքականության մեջ նշանակալի բարեփոխումներ իրականացնել, որոնք անշուշտ դրական ազդեցություն կունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա:

Մնում է հուսալ, որ տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում հաստատված համեմատաբար կայուն իրավիճակը դրական զարգացում կունենա և երկար սպասված Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը իրականություն կդառնա, որից կշահեն տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգված երկրները:

Իրանի նախագահ Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցի 3 կարևոր ձեռքբերումները