.jpg)
ՀՀԿ-ն՝ Գ. Կոստանյանի թեկնածության մասին. Փոփոխությունները կլինեն ակնառու
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ Գ. Կոստանյանը ներկայացրել է իր տեսակետները, այն հայեցակարգային դրույթներն ու սկզբունքային խնդիրները, որոնք առաջ են քաշվելու իր կողմից ընտրվելու դեպքում:
«Հանդիպումն անցավ կոնստրուկտիվ միջավայրում, որը շատ կարևոր է նաև հետագա աշխատանքի համար»,- ասաց պատգամավորը և ավելացրեց, որ բովանդակալից հանդիպում էր՝ առարկայական շեշտադրումներով կոնցեպտուալ ու սկզբունքային հարցերին:
«Բոլորովին չեմ ցանկանում թերագնահատել նախորդ որևէ պաշտոնյայի, բայց այսօրվա մարտահրավերները հաշվի առնելով և նոր արագությամբ ընթացող փոփոխությունների այս միջավայրը, Գ.Կոստանյանի մասնագիտական բարձր կարողություններն ու գիտելիքները, որին ականատեսն ենք եղել նրա նախորդ պաշտոնավարման ժամանակ՝ որպես սկզբունքային ու վճռական պահերին ճիշտ կողմնորոշվող զինդատախազի և որպես նորարարական ոճի կրող ու բարեփոխումների գնացող անձ, կարծում եմ՝ այս ամենը մեզ թույլ է տալիս վստահ լինել, որ փոփոխությունները կլինեն ակնառու և տեսանելի: Եվ ամենակարևորը՝ առաջին հերթին այդ փոփոխությունը պետք է լինի համակարգի նկատմամբ վստահության վերականգնման առումով և այդ վստահությունը պետք է լինի առաջին հերթին շարքային քաղաքացիների մոտ»,- ասաց Հ. Սահակյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Դատախազի պաշտոնում Նախագահն առաջադրել է Գ. Կոստանյանի թեկնածությունը