.jpg)
Սիրիական թնջուկ. Ի՞նչ սպասել առաջիկայում
Սիրիական հակամարտությունից անընդհատ հնչող ահազանգերը վերջին շրջանում ավելի հնչեղ ու ահագնացող են դարձել: Պատճառները տարբեր են և, հիմնականում, կապված են վերջին օրերին հակամարտությանը վերաբերող ներքին և արտաքին զարգացումների նոր ալիքի հետ:
Չտրվելով մանրամասնություններին՝ ուղղակի նշենք դրանցից մի քանիսը` Արտաքին զարգացումներ. Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումն ու դրա հետ կապված ԱՄՆ-Ռուսաստան երկկողմանի հանդիպումները, որոնց ընթացքում որոշվեց (որոշմանը համաձայնվեց նաև սիրիական կողմը), որ Սիրիան պետք է հրաժարվի իր ունեցած քիմիական զենքից` դրանք դնելով միջազգային կառույցների վերահսկողության տակ` հետագայում այն ոչնչացնելու նպատակով:
ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամ պետությունների կողմից միաձայն ընդունվեց Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձև և այլն:
Ներքին զարգացումներ. Սիրիական ընդդիմադիր ճամբարում աշխարհիկ և ծայրահեղ արմատական թևերի միջև աճող հակասություններ: Սրանց ավելացան նաև ծայրահեղ արմատականների և քրդական կառույցների, ինչպես նաև՝ հենց ծայրահեղականների շրջանում ավելացող արյունալի բախումները:
Ընդդիմադիր թևում նկատվող խմորումների արդյունքում առաջանում են նոր կառույցներ (օրինակ` «Իսլամական միությունը», «Իսլամական բանակ» և այլն), որոնք էլ, դեռ չձևավորված, իրենց հերթին արդեն փոփոխությունների են ենթարկվում (օրինակ`սիրիական հակամարտությունում լուրջ ներկայացվածություն ունեցող «Ահրար աշ-Շամ» խմբավորման դուրս գալը «Իսլամական բանակի» կազմից և այլն):
Ինչևէ, սիրիական հակամարտությունը հասել է մի հանգրվանի, որտեղ Սիրիայի ներկայիս իշխանությունները, ակնկալվող ԱՄՆ հրթիռակոծությունից խուսափելով, շահել են ժամանակ, որի արդյունավետ օգտագործման դեպքում՝ կարելի է գրանցել առաջընթաց: Իսկ առաջընթաց կարելի է ապահովել բանակցային փուլ սկսելով:
Ահաբեկչական կառույցների դեմ մինչև վերջ պայքարելու Բաշար ալ-Ասադի կողմից անընդհատ հնչող հայտարարությունների համատեքստում սիրիական ներկայիս վարչախումբը չի գնա ծայրահեղականների հետ համագործակցության: Ուստի, բանակցային սեղանի շուրջ կարող են նստել ընդդիմադիր աշխարհիկ ուժերը:
Ճիշտ է, սիրիական ներկայիս իշխանությունների հետ բանակցելու հետ կապված ընդդիմադիր աշխարհիկ և չափավոր արմատական ճամբարում նույնպես կան տարաձայնություններ, սակայն մնում է հուսալ, որ հակամարտության ներկա փուլում սիրիական ընդդիմության մեջ աճող դժգոհությունների և խռովությունների ֆոնի ներքո կգտնվեն ընդդիմադիր ուժեր, որոնք կգնան նման քայլի: