.jpg)
Վացլավ Հավելի առաջին մրցանակը տրվեց Բելառուսի ակտիվիստ Ալես Բիալիացկիին
Այսօր՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին օրը, Եվրոպայի խորհրդում տեղի ունեցավ Վացլավ Հավելի մարդու իրավունքների առաջին մրցանակի շնորհման հատուկ արարողությունը։ Վացլավ Հավելի մրցանակը տրվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Եվ ահա Վացլավ Հավելի առաջին մրցանակակիրը դարձավ Բելառուսում ազատազրկված ակտիվիստ Ալես Բիալիացկին։
Մրցանակի հանձնման արարողության սկզբում տեղի ունեցավ Վացլավ Հավելի մասին պատմող կարճ ֆիլմի ցուցադրում։
Մրցանակը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հանձնեց Ալես Բիալիացկիի կնոջը՝ Նատալիա Պինչուկին։
«Ալես Բիալիացկին իր ամենօրյա աշխատանքով պայքարել է մարդու իրավունքների և ժողովրդավարության համար, և որտեղ էլ լինի՝ նա շարունակելու է լինել այդ արժեքների կրողը»,- իր շնորհավորական խոսքում ասաց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը։
«Վացլավ Հավելի առաջին մրցանակը ապահով ձեռքերում է»,- ասաց Վացլավ Հավելի գրադարանի տնօրենը։
Նատալիան շնորհակալական խոսքում նշեց, որ այս մրցանակն իր ամուսնու կատարած աշխատանքների գնահատումն է։
«Նրա երկարաժամկետ ազատազրկումը, արդեն 2 տարի, բավական ծանր է, նրա պահման պայմաններն ավելի խստացված են քան մյուս բանտարկյալներինը։ Բելառուսում այժմ կան 10 քաղբանտարկյալներ։ Այսօր Բելառուսում մարդու իրավոնքների վիճակը չի լավանում, այլ ընդհակառակը, գնալով ավելի վատթարանում է։ Նոր ձերբակալություններ են կատարվում։ Հուսով եմ, որ Եվրոպական երկրները կհասնեն նրան որ տեղի ունենա քաղբանտարկյալների ազատում։
Ալեսի համար կարևոր է նաև, որ այս մրցանակը Հավելի անունով է։ Ալեսն ասում էր, որ Հավելն իր հոգևոր ներշնչանքն է։
Կարծում եմ, որ այս մրցանակը կօգնի Ալեսին՝ հաղթահարել ծաղրանքներն ու հալածանքները և դուրս գալ այդ ամենի միջով»,-ասաց Նատալիա Պինչուկը։
Մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում, Նատալիան ասաց, որ ցավում է, որ մրցանակը ստանում է ինքը, և ոչ Ալեսը։ Հույս հայտնեց, որ մրցանակը ինչ-որ ձևով կանդրադառնա Բելառուսում քաղաքական բանտարկյալների վիճակի վրա, որոնց թվում է նաև Ալեսը։
Նշենք, որ Ալես Բիալիացկին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման 2011թ.-ին՝ հարկերից խուսափելու հիմքով, սակայն նրա կողմնակիցները պնդում են, որ ազատազրկման հիմքը քաղաքական շարժառիթներն են եղել։
Վացլավ Հավելի մրցանակի համար ներկայացվել էլ 27 դիմում՝ 19 երկրներից , սակայն վերջնական պահանջներին համապատասխանում էին միայն 3-ը՝
1. Ալես Բիալիացկին (Բելառուս)
2. «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (Վրաստան)
3. «Իրավուքների պաշտպանության ցանց» (Չինաստան)
Հաղթողին տրվում է նաև 60 000 եվրո մրցանակ։
Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։