Տարեցների օրը Նորքի տուն-ինտերնատում նշեցին հարսանիքով (Տեսանյութ)
01/10/2013 18:18

Տարեցների օրը Նորքի տուն-ինտերնատում նշեցին հարսանիքով (Տեսանյութ)

Նորքի տուն ինտերնատում այսօր տարեցների միջազգային օրն էին նշում` մեծ հարսանիքով: Տուն-ինտերնատի բնակիչներ Ռուդոլֆ Հարությունյանն ու Էմմա Աբրահամյանը ամուսնացան: Ռուդոլֆ պապիկը պատմեց, որ 4 տարի է` ապրում է տուն-ինտերնատում, երեխաները Ռուսաստանում են, ինքն հրաժարվել է այնտեղ ապրել. «Ես իմ հողն ունեմ, ինչու պիտի ռուսի հողի վրա ապրեմ»,-ասում է նա:

Պատմեց, որ Էմմա տատին հավանել է ու կանչել հանդիպման. «Խաբեցի, տարա, խոսքը առա, ասացի` ամուսնանում ենք»:
Տուն-ինտերնատի տնօրինությանը պատմել են իրենց մտադրության մասին ու պատրաստվել հարսանիքին: Նորապսակներին շնորհավորելու էին եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները` փոխնախարարի գլխավորությամբ: Ջեմմա Բաղդասարյանը նորապսկաներին ու տուն-ինտերնատի մյուս բնակիչներին առաջին հերթին առողջություն մաղթեց. «Դա հիմա ամենակարևորն է: Առողջ եղեք: Ուզում եմ նաև, որ համոզված լինեք, որ մեր պետությունը ամեն օր մի նոր քայլ է անում, որպեսզի այն տարեցները, որ ապրում են այստեղ և այն տարեցներն, ովքեր ընտանիքում են ապրում իրենց ապահովված զգան, որ ավելի ակտիվ կյանքով ապրեն»,-ասաց փոխնախարարը:

Պսակադրությունից հետո նորաստեղծ ընտանիքին փոխանցեցին նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի նվերը` հարսանյաց Սուրբ գիրքը: Պսակադրությունը կատարած քահանան նրանց հորդորեց գրանցել իրենց կյանքի նշանավոր իրադարձություններն այնտեղ:
 

Տարեցների օրը Նորքի տուն-ինտերնատում նշեցին հարսանիքով (Տեսանյութ)