.jpg)
Նունե Եսայանի համերգը արժեցել է 54 691 400 դրամ
Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ: Այս մասին գրում է Pastinfo.am-ը:
Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Նշենք, որ ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը:
Այս ծախսը բյուջեյում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա:
Հետաքրքիր է, որ իբրև այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: