.jpg)
Կան հոգեկան հիվանդ քաղաքական գործիչներ, բայց դա բժշկական գաղտնիք է
Հայաստանում 45 հազար հաշվառված մարդ կա՝ հոգեկան շեղումներով: Ինչպե՞ս է ընթանում նրանց բուժումը, որքա՞ն է հոգեկան անառողջների իրական թիվը, վտանգավո՞ր են հասարակության համար և մի շարք այլ հարցերի շուրջ Aysor.am զրուցեց ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ:
- Գիտեմ, որ հոգեկան խնդիրներով 45 հազար հաշվառված հիվանդ կա, իսկ իրական թիվը որքա՞ն է:
- Այո, մենք 45 հազար հաշվառված հիվանդ ունենք, ովքեր կամովին, իրենց դիմումի համաձայն՝ բուժում են ստանում, իսկ թե կոնկրետ հիվանդների թիվը որքան է` չենք կարող ասել, 45 հազարը այն անձինք են, որոնց հետ մենք առնչվում ենք: Կարող ենք այդ թիվը մի քանի անգամ բազմապատկել: Աշխարհում նմանատիպ վիճակագրություն քիչ երկրներում է տարվում:
- Մեկ անձի վրա, ինչքա՞ն գումար է ծախսվում:
- Ստացիոնար բուժման համար մեկ անձի վրա ծախսվում է 5 900 դրամ օրական, այս գումարի մեջ է մտնում և՛ հիվանդանոցում պահելը, և՛ դեղորայքի, և՛ սննդի գումար, շենքի վերանորոգումը և այլն: Փոքր գումար է, ցանկալի է այդ գումարը եռապատկվի:
Նրանք այժմ էլ ստանում են բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները, նաև ժամանակակից ամենավերջին դեղամիջորցներ, որոնք կոչվում են ատիպիկ դեղամիջոցներ, որոնք բավականին թանկարժեք են:
- Փողոցներում հաճախ ենք հանդիպում հոգեկան խնդիրներ ունեցողներ. Ինչպե՞ս վարվել, նրանց մեկուսանե՞լ, թե՞ թողնել փողոցում:
- Ոչ մի երկիր իրեն թույլ չի տա իր հիվանդին պահել ուրիշ տեղ, հիվանդը մեր հանրության անդամն է: Հանդուժողականությունը, սակայն, շատ է պետք մեր ժողովրդին: Աշխարհի տարբեր երկրների փողոցներում քայլում են հոգեկան հիվանդներ. ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր չորրորդը կյանքի մի հատվածում ունենում է հոգեկան պրոբլեմներ, իսկ թե ովքեր ունեն այս կամ այն հոգեկան պրոբլեմը` մեկուսացնեն, ճիշտ չէ: Մենք ամբողջ հանրապետությունում ունենք 1400 մահճակալ. Սևանի Արմաշի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի հոգեբուժական կենտրոններ, նաև Վարդենիսի հոգեբուժական ինտերնատը, որ սոցապ նախարարությանն է: Հոգեբուժարաններում մահճակալներն աշխատում են 80-82 տոկոս ծանրաբեռնվածությամբ, մնացած մահճակալները ազատ են լինում, ուղղակի կարիք չի լինում, իսկ արտահիվանդանոցային ծառայությունը մատուցում է այն բուժօգնությունը, որի դեպքում առանց աշխատանքից, ընտանիքից կտրվելու, կարողանանք բուժումը կազմակերպել: Արտահիվանդանոցային բուժօգնության ժամանակ հիվանդները ստանում են բուժօգնություն, հետո կարող են գնալ տուն: Մարդուն պետք չի լինում ադապտացնել իր ընտանիքին և շրջապատին, այսպես նրանք արդեն ընտանիքում են:
- Ժամանակին պետք է հոգեբուժարանից հավաստագիր տանեին, որ գրանցված չես եղել նման բուժհաստատությունում, հակառակ դեպքում՝ որոշ պաշտոններ վարել չէիր կարող, հիմա էլ կա՞ նման պահանջ:
- Կարող է, օրինակ, ատոմակայանի, կարևոր պաշտոնների համար պահանջվի ներքին կանոնակարգով: Ավտովարողների իրավունքների հետ կապված՝ օրինակ նման պահանջ չկա, որ հոգեկան հիվանդները չեն կարող վարել մեքենա, սովետական տարիներին կար, իսկ հիմա՝ չկա: Նայած ում շահերից ենք ելնում. եթե հաշվի ենք առնում եվրոպական ստանդարտները, մարդու իրավունքները, ճիշտ է, եթե մտածում ենք հանրության մասին` պետք է վերանայվի:
- Ի՞նչ պետք է անել, երբ հարևանիդ կամ ծանոթիդ մոտ հոգեկան խնդիրներ են նկատվում:
- Եթե նկատում ես, որ, օրինակ, հարևանիդ մոտ խնդիրներ կան, պետք է ուղղակի գրագետ մոտեցում ցուցաբերել, պոլիկլինիկայում տեղյակ պահել, որ նման բան կա, եթե այդպես լիներ, կխուսափեինք, օրինակ, Արարատի դեպքից, երբ մայրը ունենալով հոգեկան խնդիրներ սպանեց երկու մանկահասակ երեխաներին. եթե մարդը անօգնական վիճակում է, պետք է օգնել:
- Հայերս սթրեսները ինչպե՞ս ենք տանում:
- Հայերս այնքան բան ենք տարել, որ մի կերպ կտանենք: Այս սերունդը ինչ ասես չտեսավ՝ կայսության փլուզումը տեսավ, մութ ու ցուրտ տարիները տեսավ, գրադի կրակոցները տեսավ. Նկուղային կյանքով էին ապրում սահմանամերձ շրջաններում:
Այս վախերը ո՞նց պետք է հանեինք. մեր պապերի հզոր գեներով դուրս եկավ. Մենք կարո՞ղ էինք այդքան մարդու հոգեբուժական օգնություն ցուցաբերել. իհարկե՝ ոչ:
Մինչև հիմա երկրաշարժի հետևանքները տեսնում ենք, սերնդափոխություն է եղել, բայց դեռ տեսնում ենք, այն սերունդը, որ ծնվել է երկրաշարժից հետո, դեռևս որոշակի բաներ կան, որ կապում ենք երկրաշարժի հետ, նևրոտիկ երևույթներ և այլն. այդ մարդկանց հետ պետք է մշտապես աշխատենք. շատ բան մնաց, որ չպետք է մնար:
- Ինչպե՞ս պետք է վերաբերել հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներին:
- Հանդուրժողականություն է պետք ամեն ինչի նկատմամբ, հատկապես՝ հիվանդների, չպետք է պիտակավորել, խարանել, ոչ թե ծաղր լինի, արհամարհանք, պետք է լինի վերաբերմունք, որ այդ հիվանդը զգա, որ ինքը հանրության անդամ է, դա շատ կարևոր է:
- Հոգեկան շեղումներ ուենցողները բուժվելուց հետո կարողանում են ադապտացվել կյանքին:
- Կարողանում են, օրինակ՝ մենք ակադեմիկոսներ ունենք, ունենք հիվանդ, ով հինգ տարի առաջ գյուտ արեց: Հիվանդներ ունենք, ովքեր բուժվելուց հետո վերականգվեցին ինստիտուտում սովորելու, կան, որ ընդունվեցին ինստիտուտ, աշխատանք գտան:
- Հայկական արտադրության հոգեմետ դեղեր օգտագործո՞ւմ եք:
- Հայաստանում արտադրվում են հոգեմետ դեղամիջոցներ, օգտագործում ենք, դրանք ավելի մատչելի են և տենդերում հաղթում են, մենք ստանում են Առողջապահության նախարարությունից: Հայտարարվում է տենդեր, դեղերն անցնում են գնումների գործընթացը: Որոշ հոգեմետ դեղերի վաճառքը թույլատրվում է, դրանք այն դեղերն են, որոնք վնաս չեն տալիս:
- Հայաստանում ո՞ր հոգեկան հիվանդություններ են տարածված:
- Տարածված է շիզոֆրենիան և մտավոր թերզարգացումը: Շատ շիզոֆրենիկներ ունենք, որոնք հայտնի գիտնականներ են:
- Կանայք են հակված հոգեկան շեղումների, թե՞ տղամարդիկ:
- Կանայք մի քանի գլուխ բարձր են տղամարդկանցից, մեր հիվանդների մեկ երրորդը կանայք են, երկու երրորդը` տղամարդիկ. կանայք ավելի տոկուն են:
- Քաղաքական գործիչների շրջանում ունե՞նք հոգեկան հիվանդներ:
- Դա բժշկական գաղտնիք է: