.jpg)
Արաբագետ. Սիրիայում իսլամականները հստակ լիդեր չունեն
Սիրիայում տիրող իրավիճակի ու ներկայիս սիրիական ընդդիմադիր ճամբարում առկա տրամադրությունների վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
- Ինչպիսի՞ն է իրադրությունը սիրիական հակամարտություն թատերաբեմում այս պահին:
- Իրողությունն այն է, որ ներկա պահին Սիրիայի տարածքը բաժանված է տարբեր ազդեցության գոտիների, որոնք գտնվում են ինչպես ներկայիս իշխանությունների ազդեցության, այնպես էլ սիրիական ընդդիմադիր ճամբարը ներկայացնող ուժերի վերահսկողության տակ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում սիրիական ընդդիմությունը, և կա՞ն արդյոք գաղափարական ընդհանրություններ նրանց միջև
Սիրիական ընդդիմությունը բազմազան է` սկսած աշխարհիկ գաղափարներ կրող ուժերից, վերջացրած իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսություն ունեցող խմբավորումներով: Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների վերաբերյալ ամբողջական պատկերացում դեռևս չկա: Այդ ուժերը տարբեր են, որոնց թիվը, ըստ տարբեր գնահատականների, հասնում է մինչև 1000-ից 1200-ը: Վերջին շրջանում հաճախակի են դարձել ընդդիմադիր թևերի միջև բախումները, և նկատվում են լուրջ խմորումներ ընդդիմադիրների միջև: Նրանց մեջ կարելի է առանձնացնել իսլամական ծայրահեղ-արմատական «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորումներին, որոնք ունեն բացահայտ կառուցվածքային և դոկտրինալ միասնականություն, ինչը չի կարելի ասել ընդհանուր ընդդիմադիր ճամբարի վերաբերյալ (բացառություն կարելի էր համարել քրդերին, սակայն այստեղ ևս կան լուրջ տարաձայնություններ):
- Կա՞ն արդյոք ընդգծված առաջնորդներ սիրիական ընդդիմադիր ճամբարում:
- Սիրիական ընդդիմության աշխարհիկ թևում նման ընդգծված լիդերներ չկան: Ընդդիմադիրների կողմից արժանի առաջնորդներ ունենալու փորձեր արվում են, միգուցե հակակշռելու հակամարտության հակառակ թևը ներկայացնող Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն անարդյունք: Ինչ վերաբերում է ընդդիմադիր իսլամական ուժերին, ապա այստեղ նույնպես չկան նմանատիպ առաջնորդներ: Համենայն դեպս, եթե այդպիսիք էլ կան, ապա նրանք փորձում են մնալ ստվերում: Ինչպես «Ջաբհաթ ալ-Նուսրայի» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, այնպես էլ «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին փորձում է խուսաբել ԶԼՄ-երի հետ հանդիպումներից: Տեղին է նշել, որ 21-րդ դարի սկզբից ծայրահեղականների կողմից իրականացվող ջիհադական պայքարը զերծ է մնացել առանցքային դերակատարներից ու առաջնորդներից (բացառությամբ մի քանի դեպքերի), և ներկայիս սիրիական հակամարտության մեջ իսլամականների շրջանում նման լիդերների բացակայությունը զարմանալի չէ:
- Այնուամենայնիվ ի՞նչի համար են պայքարում իսլամական ծայրահեղականները Սիրիայում:
- Ընդդիմադիրների աշխարհիկ թևը պայքարում է երկրում Բաշար ալ-Ասադի շիական վարչախումբը տապալելու և սուննիական իշխանություն հաստատելու համար: Ընդդիմադիր քրդական թևն ունի պայքարի իր տեսլականը: Ինչ վերաբերում է իսլամականներին, ապա նրանք տարաբնույթ են, հետևաբար նրանց կողմից Սիրիայում տարվող պայքարի մոտիվացիան և նպատակները տարբեր են: Այստեղ կան իրենց «իսլամական» համարող շատ օտարերկրյա վարձկաններ, որոնց նպատակը գումար աշխատելն ու իրենց հայրենիքներում սեփական հեղինակության բարձրացումն է: Կան իսլամական խմբավորումներ, որոնք այլ խնդիրներ են դնում Սիրիայում: Իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նրանք հետևողականորեն իրականացնում են սոցիալական ուղղվածության գործունեություն` աջակցում են կարիքավոր ընտանիքներին, բացում են դպրոցներ և ուսումնական այլ հաստատություններ, հիմնում են շարիաթական դատարաններ և այլն, ինչը խոսում է Սիրիայում այդ կազմակերպությունների հեռու գնացող նպատակների մասին: Եթե ընդհանուր բնորոշում տանք, ապա իսլամականների պայքարն ուղղված է ոչ այնքան ազատ Սիրիա, այլ ազատ մուսուլմանական ումմա (հասարակություն) ստեղծելուն՝ վերականգնելով մուսուլմանական խալիֆայությունը: