Նախագահը` ԵԽԽՎ-ում. Վերահաստատեցինք ՄԽ-ի նկատմամբ մեր բարձր վստահությունը
02/10/2013 15:45

Նախագահը` ԵԽԽՎ-ում. Վերահաստատեցինք ՄԽ-ի նկատմամբ մեր բարձր վստահությունը

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ ՀՀ Նախագահի և ԵԽ գլխավոր քարտուղարի փակ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ ներկայումս Հայաստանը նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում, և մեծ պատիվ է ՀՀ Նախագահին հյուրընկալել Եվրոպայի խորհրդում։ Գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց նաև հայաստանյան թիմի ակտիվ և բարձրորակ աշխատանքը:

«Բարձր ենք գնահաատում այն, որ Հայաստանը որդեգրել է այլատյացության դեմ պայքարի ուղին, քանի որ դա եղել է ինձ համար առաջնահերթություն՝ ԵԽ գլխավոր քարտուղար դառնալուց ի վեր: Նախագահի հետ քննարկեցինք նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը,  և  պատրաստակամություն հայտնեցինք աջակցել Հայաստանին` այս հարցում»,- ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասաց, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։

Նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեությանը և շարունակելու է նպաստել այս կառույցի դերի և կարևության բարձրացմանը։

«Հայաստանը մեծապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման համաեվրոպական գործակցության, կայուն զարգացման և խաղաղության պահպանման կարևորագույն գրավական։ Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումը, կայունացումը այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը»,- ասաց Նախագահը։

ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության հետագա անելիքներից կարևորվեց հոկտեմբերի 21-22-ին Երևանում կայանալիք «Այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար» թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ գլխավոր քարտուղարն այցելելու է Երևան։

Նախագահը նշեց, որ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին․ «Վերահաստատեցինք Մինսկի խմբի նկատմամբ մեր բարձր վստահությունը»,- ասաց Նախագահ Սարգսյանը։

ԵԽ գլխավոր քարտուղարին դիտարկում ուղղվեց, թե ԼՂՀ-ն, լինելով Եվրոպայի խորհրդի աշխարհագրական մաս, զրկված է այն ամենից, ինչը ստեղծվում է ԵԽ հանրության համար․ «Ինչ է հնարավոր անել, որ ԵԽ տարածքում բոլորը կարողանան օգտվել ձեր ստեղծած բարիքներից»,- հնչեց հարցը։

Թ․Յագլանդը պատասխանեց, որ ԵԽ-ն ԼՂ հարցի քաղաքական լուծման համար տարվող աշխատանքներին չի մասնակցում։

«ԵԽ տարածքում կան մի քանի սառեցված հակամարտություններ, սակայն դրանք չեմ համեմատի միմյանց հետ։ Ես իսկապես կարևորում եմ բարձրաձայնված խնդիրը և փորձում եմ գտնել ուղիներ, որպեսզի կարողանանք Եվրոպայի «սև անցքերում» ևս մեր աշխատանքներն իրականացնել։ Սակայն ամեն ինչ պետք է իրականացվի Մինսկի խմբի շրջանակներում, իսկ մենք այդ խմբից որևէ նման դիմում չենք ստացել»,- պատասխանեց ԵԽ գլխավոր քարտուղարը։ 

Նախագահը` ԵԽԽՎ-ում. Վերահաստատեցինք ՄԽ-ի նկատմամբ մեր բարձր վստահությունը