7 օր` առանց Սոսի. ՓՐԿԵՔ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ
02/10/2013 12:44

7 օր` առանց Սոսի. ՓՐԿԵՔ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ

Այսօր` հոկտեմբերի 2-ին, լրանում է Սոս Սարգսյանի մահվան 7-րդ օրը: Այս կապակցությամբ ռուսական «MK»-ն տպագրել է Ալեքսանդր Մանկինի «Փրկեք մեր հոգիները» հոդվածը, որը Aysor.am-ը ներկայացնում է թարգմանաբար` առանց կրճատումների:

«Նա վերջինն էր 20-րդ դարի հայ մեծագույն դերասաններից: Ցավում եմ, որ մեր հեռուստատեսությունը չցուցադրեց, թե ինչպես էր նրան հրաժեշտ տալիս Հայաստանը: Իսկ, գուցե, լավ է, որ չցուցադրեցին. Հեռուստադիտողների մոտ կարող էին անպետք մտքեր առաջանալ:

Նրան թաղեցին կիրակի օրը: Հազարավոր մարդիկ եկել էին Օպերայի հսկա շենք` նրան հրաժեշտ տալու: Ընդհանուր հոսքի մեջ գնում էր Հայաստանի նախագահը, կառավարության անդամներ, հոգևորականներ… Հոգեհանգստյան արարողության ժամանակ հրաժեշտի խոսք ասա Մշակույթի նախարարը, երկու գրող, հոգևորականն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Նախագահը լուռ էր. Հետո ասվեց, որ նա ցավակցական ուղերձ էր հղել, բայց այն չենթերցվեց:

Դագաղը հանեցին բազմահազարանոց հրապարակ, որտեղ սպասում էր սգո թափորը: Ամբողջ ծափահարում էր: Նրան տարան եռքերի վրա, բայց մեքենայի մեջ չդրեցին, շարժվեցին առաջ: Դատարկ մեքենան որոշ ժամանակ գնում էր թափորի դիմաց, ինչ-որ մեկը երևի կարծում էր` դեռ պետք կգա:

Պետք չեկավ: Մարդիկ տանում էին նրան ոչ թե ուսերի վրա, այլ վեր պարզած ձեռքերի, և Սոսի դեմքը տեսանելի էր բոլորին:

Շուրջ 1.5 ժամ նրան տարան Օպերայից մինչև Պանթեոն: Ամբողջ ընթացքում մարդիկ ծափահարում էին: Ամբողջ ընթացքում ամբոխի մեջ քայլում էին երկրի Նախագահը, կառավարության անդամները. Սև կոստյումներով, այրող արևի տակ, 6 կմ:

Մենք քայլում էին` մեկ հետ ընկնելով, մեկ հավասար, մեկ առաջ անցնելով, Նախագահից առաջ, բայց ոչ դագաղից:

Երթևեկությունը դադարեցվել էր, տրոլեյբուսների շարանը կանգնել էր. Լուսամուտներից` տների ու տրոլեյբուսների, մարդիկ ծափահարում էին: 1.5 ժամվա ընթացքում ոչ մի բղավոց, ոչ մի ազդանշան չհնչեց:

Ո՞վ պետք է մահանա Ռուսաստանում, որպեսզի նրան 1.5 ժամ տանեն ձեռքերի վրա:

33 տարի առաջ նման մարդ երկրում կար: Վիսոցկուն ձեռքերի վրա կտանեին նույնիսկ մինչև Մագադան:

Ո՞վ պետք է մահանա Ռուսաստանում, որպեսզի մեր նախագահը ժամից ավելի քայլի դագաղի հետևից: Բայց եթե նա քայլի, տների լուսամուտները կփակվեն, հորանները կզմրսվեն, մարդիկ կմեկուսացվեն, իսկ ավելի ճիշտ` քաղաքը նախապես կմաքրվի, կմեկուսացվի ՕՄՕՆ-ի շղթաներով:

Պանթեոնում` գերեզմանատեղի մոտ, Հայաստանի Նախագահը կրկին ոչինչ չասաց. Ճառ չեղավ: Հոգևորականները հոգեհանգստի կարգ արեցին, դագաղն իջեցրին հողը: Կատարյալ լռության մեջ մարդիկ փորձում էին մոտենալ` մի բուռ հող լցնելու համար: Կարծում եմ` բահերն ընդհանրապես պետք չեկան:

Սոս Սարգսյանի մահվան մասին մեր մամուլը սեպտեմբերի 26-ին գրեց. «Մահացել է հայտնի…», «Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ…», «Մահացել է ակնառու…»

Թաղման արարողությանը հասնելու համար ինքնաթիռի տոմս չկար, ոչ մի տեսակի: Հասկացանք` ուշ ենք գլխի ընկել, բոլոր տոմսերը գնել են Մշակույթի նախարարությունը, Թատերական գործիչների միությունը, Կինեմատոգրաֆիստների միությունը… Հրաշքով գտա մի տոմս` գիշերային չվերթի համար:

Իսկ հոգեհանգստի արարողության ժամանակ հասկացա` տոմսերի բացակայության պատճառն այլ էր. Ռուսաստանից ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հրաժեշտի արարողությանը ոչ ոք չկար` ո’չ պաշտոնյաներ, ո’չ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ: Եթե չլիներ «ՄԿ»-ի թղթակիցը, Սոս Սարգսյանի թաղման արարողության ժամանակ հազիվ թե ռուսերեն խոսք հնչեր:

Վշտի պահին որևէ մեկի կողքին լինելը նորմ է… ոմանց համար` նորմ, ոմանց համար` ոչ… Բացի այդ, կա սեփական վիշտ ու կա` օտարի:
Երբ 2005 թվականին մահացավ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը` մեծ խաղաղարարը, երկրագնդի ամենահարգելի մարդկանցից մեկը, նրա թաղմանը մասնակցելու համար Հռում եկան 200 թագավորներ և նախագահներ, իսկ Ռուսաստանն ուղարկեց Ֆրադկովին` տեխնիկական վարչապետին:

Արարողությունը հեռարձակում էին աշխարհի բոլոր խոշոր հեռուստաալիքները, մերոնցից` ոչ մեկը: Դա վատիկանի խնդիրը չէր, դա մեր երկրի վարկանիշի խնդիրն էր:

Քանի դեռ Հովհաննես Պողոս 2-րդը ողջ էր, նրա մոտ էին վազում մեր հայրենակիցներից շատերը` չինովնիկներ և մեծահարուստներ` խոնարհվում էին, լուսանկարվում, հետո լուսանկարները փակցնում էին աշխատասենյակի պատին, մի երևացող տեղ ու գլուխ գովում: Մահացած ժամանակ նա ոչ մի զգացմունք չէր արթնացնում սրանց մեջ. Վերջին հրաժեշտ տա՞լ, ո՞ւմ, ինչո՞ւ:
Երկրի իշխանության վարքը աշխարհում ընկալվում է որպես երկրի վարք. Ցավոք:

«ՄԿ»-ի նամակում` ուղղված նախագահին (11.04.2005 «Բոլորս այնտեղ ենք լինելու») այդ հուղարկավորության մասին գրված էր.
«Չնչին, անձնական զգացմունքները խանգարեցին վերջին հրաժեշտը տալ նրան, և այդ նույն զգացմունքներն էլ տարիներ շարունակ թույլ չէին տալիս Հովհաննես Պողոս 2-րդին մոտենալ մեզ…

Նախա՞նձ: Այսօրվա իշխանությունները` աշխարհիկ և հոգևոր, հասկանում են, որ իրենց այսպես հրաժեշտ չեն տալու: Չեն հավաքվելու 200 թագավորներ ու նախագահներ, միլիոնավոր սգավորներ: Մարդիկ 10-15 ժամ հերթ չեն կանգնելու. Այդպիսի հերթեր չեն լինելու…»
Մի անգամ` 1980-ականների կեսերին Սոսը զանգահարեց.

- Սաշա, ես Մոսկվայում եմ:
- Ինչո՞ւ:
- «Մոսֆիլմը» նկարահանման է հրավիրել. Պետրոս Մեծի ժամանակները:
- Ո՞ւմ ես մարմնավորելու:
- Ամենայն Ռուսիո Հայրապետին:
- Դո՞ւ: Ռուսիո Հայրապետի՞ն: Այդ ինչպե՞ս են քեզ այդպիսի դեր տվել:
- Ասացին` «Մեզ պետք են Ձեր աչքերը»:

Նա խաղաց այդ դերը: Այդպիսի աչքեր Խորհրդային միություն այլևս չկային: Մնացյալ աշխարհում էլ, կարծես, դրանք միակն էին` արդարության և բարության մարտիրոսի աչքեր:

Իսկ հիմա դրանք չկան:

Ռուսական ականջի համար Սոսը ծիծաղելի անուն է. SOS (save our souls)` փրկեք մեր հոգիները` տագնապի նշան` ընդհանուր` ողջ մարդկության համար:

Ռուսաստանում «երկրորդ հոգեհանգիստը» մահվան 9-րդ օրն են նշում: Հոգևորականները բացատրում են, որ այդ օրերի ընթացքում հոգին բարձրանում է Աստծու մոտ, պետք է աղոթել` նրան օգնելու համար:

Իսկ Հայաստանում «երկրորդ հոգեհանգիստը» մահվան 7-րդ օրն են նշում: Մի՞թե այնտեղ` լեռներում, դեպի Աստված տանող ճանապարհը երկու օր կարճ է տևում»:
 

7 օր` առանց Սոսի. ՓՐԿԵՔ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ