.jpg)
Մեկնարկում է Արմթեք 2013 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների համաժողովը
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո կկայանա Արմթեք 2013 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` ԴիջիԹեք Էքսպո 2013 ցուցահանդեսին զուգահեռ: Միջոցառումը կմեկնարկի ժ. 12:00-ին:
Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը: ԱրմԹեք 2013-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց:
Համաժողովին ակնկալվում է ավելի քան 200 հոգու մասնակցություն: Ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Rostelecom, IBM, Cisco, D-Link, Mentor Graphics, National Instruments, UNIDO և այլն:
Համաժողովի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ հիմնական թեմաներով`
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում` վերջին զարգացումները և հաջողության պատմություններ,
Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական զարգացում,
Մարտահրավերներ, հնարավորություններ և հաջողության գործոններ:
Համաժողովի շրջանակում կստորագրվեն հուշագրեր` տեխնոլոգիական ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության վերաբերյալ:
Համաժողովի կազմակերպիչներն ու գործընկերներն են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը, Սինոփսիս Արմենիա-ն, Վիասֆեր տեխնոպարկը, Հայկական զարգացման գործակալությունը, Ազատ տնտեսական գոտի ալյանսը, Հայ-ամերիկյան առևտրի պալատը և G2iA ընկերությունը:
Համաժողովի հովանավորն է Ռոստելեկոմ ընկերությունը: