.jpg)
ԵԽ-ն բուռն քննադատության է ենթարկում Ադրբեջանին՝ ընտրությունների նախօրեին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում ԵԽ-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները Ադրբեջանում» թեմայով։ Քննարկումը կազմակերպվել էր Ադրբեջանի «Մարդու իրավունքների ակումբի» և «Մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի» կողմից։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Քննարկմանը մասնակցում էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, «Լրագրողների ազատության և անվտանգությանդ ինստիտուտի» ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը, «Մարդու իրավունքների ակումբի» ներկայացուցիչ Ռասուլ Ջաֆարովը, Մեծ Բրիտանիայի փորձագետ Էմմա Հագսը։
Քննարկման վարող լեհ պատգամավոր Ռոբերտ Բիեդրոնն հենց բացման խոսքում արդեն քննադատությամբ հանդես եկավ Ադրբեջանում մարդու իրավուքների և նախընտրական բախումների հետ կապված։
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսըմ ով ևս մասնակցում էր քննարկմանը, ևս մեկ անգամ քննադատեց Ադրբեջանին, որը չի հարգում մարդու իրավունքները։ Նշվեց, որ Ադրբեջանում լրագրողների և քննադատական տեսակետներ արտահայտողների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, որը լուրջ մտահոգությունների աղբուր է:
Հանձնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանում իրականացվում են լայնամասշտաբ ձերբակալություններ, սոցիալական ցանցերի հնարավորությունները սահմանափակվում են, չկա հավաքների ազատություն։ Մարդկանց սպառնում է 90 օրվա բանտարկություն՝ չարտոնված հավաքներին մասնակցելու համար։
Ն, Մույժնիեկսն անդրադարձավ քաղաքական բանտարկյաներին։ Հանձնակատարը նշեց, որ 2 անգամ այցելել է Ադրբեջանում բանտարկված քաղաքական ակտիվիստներ ՀիլալՄամադովին և Իլգար Մամադովին։
«Հիլալ Մամադովը, ով վերջերս դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, իշխանության կողմից մեղադրվում է մեղքերի անհավանական կոմբինացիայի համար՝տրաֆիկինգի, լրտեսության, հեղափոխության փորձի համար։ Իլգար Մամեդովին, ով նաև Ադրբեջանում Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցի տնօրենն էր, իշխանությունները ձերբակալել են Իսմայիլիի դեպքերի հետ կապված, սակայն տարօրինակն այն է, որ ինչում մեղադրվում է Իլգար Մամեդովը, տեղի է ունեցել մինչև նրա՝ Իսմայիլի գալը»,- ասաց հանձնակատարը։
«Մարդու իրավունքների ակումբի» ներկայացուցիչ Ռասուլ Ջաֆարովն առավել մանրամասնորեն ներկայացրեց մարդու իրավունքների և բանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում։ Ջաֆարովի խոսքով` Ադրբեջանում կա 142 քաղբանտարկյալներ, նա ընդգծեց, որ ձերբակալությունները մեծ թափ ստացան հատկապես 2013 թ,-ին ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բանաձևի մերժումից հետո։
Ռասուլ Ջաֆարովն անդրադարձավ նաև հավաքների ազատության խնդրին, նշելով, որ վերջին 7 տարիներին Ադրբեջանում չեն եղել ապստամբ ցուցարարներ, ուղղակի մարդիկ ցանկանում են խաղաղ ձևով իրենց ձայնը լսելի դարձնել։ Ջաֆարովը կոչ արեց միջազգային կառույցներին՝ առավել ակտիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի հանդեպ։
Էմին Հուսեյնովն իր խոսքում ասաց, որ Ադրբեջանում հնարավոր չէ անցկացնել ազատ ընտրություններ, քանի որ երկրում չկա ազատ խոսք։ Բանտերում են գտնվում 10 լրագրողներ։
«Ադրբեջանում չկա բազմակարծություն, ողջ լրատվական դաշտը օկուպացված է և իրականացնում է իշխանության պրոպագանդան։ Կոռուպցիան անմիջականորեն կապված է նախագահի և նրա ընտանիքի հետ»,- ասում է Էմին Հուսեյնովը։
Քննարկման մասնակից Ադրբեջանի հասարակական հատվածի, միջազգային կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և ստիպել Ադրբեջանին իրականացնել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություները։