.jpg)
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմը կփոխվի. Փոստանջյանն այնտեղ տեղ չունի
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը կփոխվի: Քիչ առաջ ԱԺ նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:
Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք»,- ասաց ԱԺ նախագահը:
Խորհրդարանի ղեկավարը հայտնեց, որ, ելնելով նախօրեին ԵԽԽՎում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դրսևորած վարքից, խորհրդակցություն է ունեցել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ և որոշել, որ ԵԽԽՎ-ում պատվիրակությանը կազմը պետք է փոխել:
Հիշեցնենք, որ երեկ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով ՀՀ նախագահա Սերժ Սարգսյանին, հարցրել էր, թե ճի՞շտ են տեղեկություններ, որ երկրի ղեկավարը եվորապական կազինոներից մեկում պարտվել է 70 մլն դոլար, ինչին ի պատասխան Ս. Սարգսյանն ասել էր, որ չի խաղում, կազինոներ չի հաճախում և նման գումարներ չունի: