Սահմանամերձ Խաչիկ գյուղում 9 զինծառայող տուն է ստացել. Լուսանկարներ
03/10/2013 15:48

Սահմանամերձ Խաչիկ գյուղում 9 զինծառայող տուն է ստացել. Լուսանկարներ

ՀՀ կառավարության և ՀՀ պաշտպանության նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում են զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները: Վերջին տարիներին շահագործման են հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի բազմաթիվ շենքեր:

Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում նախօրեին տեղի ունեցավ հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բնակարանամուտ տոնեցին 9 զինծառայողների ընտանիքներ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Շնորհավորելով բնակարան ստացած զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով:

Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին: 

Սահմանամերձ Խաչիկ գյուղում 9 զինծառայող տուն է ստացել. Լուսանկարներ