.jpg)
Տիգրան Առաքելյանը, հնարավոր է, բողոքարկի համաներման վճիռը
Ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ Տ. Առաքելյանի նկատմամբ համաներման մասին որոշում պետք է կայացնի դատարանը:
«Մենք դեռևս այդ թեմայով չենք խոսել իր հետ, սակայն կարող ենք բողոքարկել այդ որոշումը, իսկ առայժմ մենք դեռևս այդ թեմայով չենք խոսել: Տիգրանը ցանկանում է արդարացման վճռով ազատ արձակվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը մայիսի 8-ին որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:
Տ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. օգոստոսի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի հետ միասին, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, Տերյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանի և Դավիթ Մելիքյանի նկատմամբ, կապված նրանց կողմից իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք, իսկ Արտակ Կարապետյանը քաշել պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Նախորդող հրապարակում՝ Տիգրան Առաքելյանը կմնա կալանքի տակ. Դատարանը հաշվի չառավ երաշխավորագրերը