.jpg)
Դեղերի սկանդալ. Ուկրաինայում ամենաշատը կեղծվող դեղը ազատ վաճառվում է ՀՀ-ում
Ուկիրաինայում վերջին ամիսներին դեղագործական ոլորտում պայթած սկանդալից հետո, երբ բացահայտվեց, որ «Heel» ընկերության դեղամիջոցները կեղծված են, ընկերության ուկրաինական ներկայացուցչության տնօրենը դատապարտվեց 4 տարի ազատազրկման:
Մեր երկրում թեև ոչ ոք երբեք դրա համար չի կալանավորվել, սակայն «Heel»-ի այդ «վտանգավոր հակումները» նկատել են դեռևս 2004 թվականին, և օրինական ճանապարհով այդ արտադրության դեղերը չէին կարող ներմուծվել Հայաստանի Հանրապետություն, հավաստիացրեցին Aysor.am-ի թղթակցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այդ տարիներին «HEEL» ընկերությունը Հայաստանում ներկայացվել է «UMAN» կազմակերպության կողմից:
Ընդհանրապես, ըստ Առողջապահության նախարարության, 2012 թ. ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է «Ալիկապս» և «Յոնգգանգ» բուսական ծագմամբ կենսակտիվ հավելումների կեղծման մեկական դեպք (բաղադրության մեջ հայտնաբերվել է չհայտարարագրված տադալաֆիլ դեղանյութը):
Սակայն պատճառը թերևս ոչ թե այն է, որ օրինախախտների մտքով չի անցնում Հայաստան կեղծ դեղ բերել կամ դեղերը կեղծել, այլ վերահսկող մարմին չկա: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ մարմինը այժմ արդեն կազմավորման փուլում է, իսկ մինչև այժմ իրենք միայն դեղերի գների մոնիթորինգ են իրականացրել դեղատներում:
Իսկ մինչև այդ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստան 2013 թ. առաջին կիսամյակի տվյալներով` Ուկրաինայից ներկրվել է 896.7 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 45.2 տոննա դեղամիջոց:
2012 թ. ըստ ԱՎԾ-ի` Հայաստան Ուկրաինայից ներկրվել է 77.4 տոննա դեղամիջոց` 1660.5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ:
Այդ դեղերը լավագույն դեպքում կարող են ստուգում անցնել, ասենք, մաքսակետում, սակայն չէ՞ որ կեղծված դեղերը միայն մաքսակետով չէ, որ կարող են ներթափանցել մեր դեղատները:
Ռուսական լրատվամիջոցների հետաքննությամբ պարզվել էր, որ Ուկրաինայում ամենաշատը կեղծված դեղերի 10-յակում է «Мукалтин» դեղամիջոցը:
«Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի տեղեկատուից հայտնեցին, որ իրենք ունեն ուկրաինական արտադրության «Мукальтин»:
Բայց այդ դեղի առկայությունը մեր դեղատներում առայժմ, ըստ ամենայնի չի ստուգվելու, քանի որ Հայաստանում համապատասխան մարմինը դեռ կազմավորում է:
Նախորդող հրապարակում` Դեղերի սկանդալ. Հայաստանում «Heel» պաշտոնապես չկա, բայց կարելի է գտնել