Անհնար է կանխել միգրացիոն տեղաշարժերը
04/10/2013 20:42

Անհնար է կանխել միգրացիոն տեղաշարժերը

Միգրացիոն գործընթացները մարդկությանը մշտապես ուղեկցող իրողություններից են: Մարդկային քաղաքակրթության զարգացման անբաժան մասն են` ինքնակամից, խմբայինից՝ մինչև բռնի տեղահանումներ և կազմակերպված գաղթեր. պատմության տարբեր փուլերում փոխվել են երևույթի դրդապատճառներն ու ձևերը: Չկա մի երկիր, չկա մի ժողովուրդ որին հաջողվել է կամ կհաջողվի ամբողջովին խուսափել կամ զերծ մնալ այդ գործընթացներից. դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ անօգուտ է և ապարդյուն:

Անգամ ռեպրեսիվ միջոցներն ի զորու չեն կանխել միգրացիոն տեղաշարժերը: Օրինակ` 2009 թ. Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցած Հյուսիսային ու Կենտրոնական Աֆրիկայի երկրների ֆուտբոլի գավաթի խաղարկության ավարտից հետո Էրիթրեայի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հրաժարվել են հետ մեկնել հայրենիք. վերադարձել են միայն հավաքականի մարզիչներից մեկը ու անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Ընդ որում, այս օրինակը բացառիկ չէ, նման դեպքեր գրանցվել են ավելի վաղ՝ դարձյալ նույն էրիթրեացի ֆուտբոլիստների հետ, 2010 թ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Հյուսիսային Կորեայի հավաքականի մի քանի մարզիկներ ևս հրաժարվել են վերադառնալ հայրենիք. օրինակների պակաս չկա:

Երևույթից ապահովագրված չեն նույնիսկ տնտեսապես ամենազարգացած, ամենաանվտանգ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ամենաառաջատար երկրները: Ներկայում դա անհատի, նրա արժեհամակարգի, մոտեցումերի, որոշումների համախմբով պայմանավորված գործընթաց է, որի համար պարարտ հող է ստեղծվում ժամանակակից գլոբալիզացիայի ընձեռած հնարավորություններով:

Անշուշտ, կառավարությունները պետք է անեն ամեն հնարավորը՝ նվազեցնելու համար սեփական քաղաքացիների արտագաղթը, խրախուսեն, պայմաններ ստեղծեն երկրում մնալու և վերադառնալու համար:

Օրինակ` Իսրայելի պարագայում, որը համարվում է աշխարհի զարգացած երկրների շարքում միգրացիոն ամենացածր ցուցանիշներ ունեցող պետություններից մեկը, ըստ իսրայելական վիճակագրական կենտրոնական բյուրոյի տվյալների` 2012 թ. երկրից հեռացել է 16 հազար մարդ, վերադարձել 9500-ը: Միգրացիայի մակարդակն Իսրայելում վերջին տարիների կտրվածքով կազմել է շուրջ 3,2 %՝ 1000 մարդու հաշվարկով: Պետք է նշել, որ Իսրայելում արտագաղթի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 1990 թ., երբ երկրից հեռացել է 24700 մարդ. դրանից հետո արտագաղթի մակարդակը նվազել է 35 %-ով: Իսրայելցիների շուրջ 70 %-ը մեկնում է ԱՄՆ, որտեղ մոտ 142 հազար Իսրայելի քաղաքացի ձեռք է բերել կեցության իրավունք:

Հայաստանի համար արտագաղթը ևս անխուսափելի, նաև ամենացավոտ խնդիրներից է. մեր ժողովուրդը, կամա թե ակամա, բախվել է այդ հիմնախնդրին իր պատմության բոլոր փուլերում: Մեզանում հայրենիքը լքելու ներկա դրդապատճառների վերաբերյալ հետազոտություններում, անշուշտ, առանցքային պետք է լինեն անհատի սուբյեկտիվ մոտեցումները, նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն, ինչպես նաև` բոլոր ուղղություններով մեծաթիվ հայ համայնքների առկայությունը. ինչ խոսք, սա առանձին վերլուծության թեմա է:

Մյուս կողմից կարևոր է միգրացիոն տեղաշարժերի ժամանակային և աշխարհագրական առանձնահատկությունների, սահմանների հետազոտությունը և կոնցեպտուալ մատուցումը: «Սենսացիայի» և դիտումների քանակի հետևից ընկած հայրենի ԶԼՄ-ներից շատերը, կարծես, գործելաոճ են դարձրել տարվա ապրիլ-հունիս ամիսներին, այսինքն` արտագնա աշխատանքի և ամառային հանգստի սեզոնի սկզբին՝ արտագաղթի սենսացիոն ցուցանիշներ ներկայացնելու նպատակով՝ Հայաստնից հեռացածների թվի վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումը` վերամբարձ խորագրերի ներքո, և հաճախ համեմված տագնապալի մեկնաբանություններով, ինչը, բնականաբար, տալիս է սպասված արդյունք. առնվազն լուրջ աղմուկ է բարձրանում հասարակության շրջանում:

Ընդհանրապես ցանկացած գործունեության, այդ թվում նաև մեդիա դաշտի համար, կարևոր հատկանիշ է սկզբունքային հետևողականության դրսևորումը. դա լավագույն գրավականներից է վստահության և արժանահավատության: Այս համատեքստում, գոնե տրամաբանական պետք է լինի, որ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ևս ներկայացվեն միգրացիոն տեղաշարժերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ինչին, սակայն, ականատես չենք լինում. ենթադրելի է պատճառը` «սենսացիա» չկա…
Օբյեկտիվ և տեղեկատվության լուրջ պակաս կա մեզանում: 

Անհնար է կանխել միգրացիոն տեղաշարժերը