.jpg)
«Հովիկ Աբրահամյանը չի կարող փոփոխել ԵԽԽՎ պատվիրակության կազմը»
Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից Նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։ Այս մասին գրում է Azatutyun.am-ը:
Փոստանջյանի փոխանցմամբ՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի:
Առայժմ Եվրոպայի խորհուրդը Հովիկ Աբրահամյանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել և հետևաբար որևէ գործունեություն չի կարող ծավալել:
Փոստանջյանի փոխանցմամբ՝ իրեն հայկական պատվիրակության կազմից հանելու Հովիկ Աբրահամյանի «ավտորիտար քայլերի» մասին արդեն տեղյակ են և ԵԽԽՎ-ում, և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում, որին անդամակցում է Փոստանջյանը:
Սակայն «Ժառանգության» պատգամավորը ընդգծում է, որ իր համոզմամբ՝ Հովիկ Աբրահամյանն ընդամենը կատարող է, և իրեն պատվիրակությունից հանելու հրահանգը տվել է Սերժ Սարգսյանը։
«Նաև ԵԽԽՎ-ի նախագահն է տեղյակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, և շատ են ցավում, որ Հայաստանը շարունակում է գտնվել ավտորիտար տիրույթում և ազատ խոսքի իրավունքը, ընդդիմության հայտարարությունները կարող են նման հետապնդումների և ոտնձգությունների առարկա դառնալ»,- փոխանցեց Փոստանջյանը։
Մինչդեռ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ կազինոյում խաղալու և մեծ գումարներ տանուլ տալու մասին Փոստանջյանի հարցը ցնցեց ԵԽԽՎ պատգամավորներին։
«Չեմ լսել որևէ մեկ պատգամավորից, ով ասեր, թե «էս ինչ հրաշալի հարց հնչեց»։ Բոլորի համար ուղղակի անընդունելի էր, անգամ այն պատգամավորների համար, ովքեր հայտնի են իրենց մոլի հակահայությամբ և ովքեր մշտապես ուրախացել են, երբ Հայաստանի հետ կապված որևէ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Անգամ նրանց համար այս որակի հայտարարությունը բացարձակապես անընդունելի էր։ Բայց ինձ համար նաև նույնքան անընդունելի կլինի այն, որ փորձեն օդանավակայանում ինչ-ինչ «միջոցառումներ» կազմակերպեն»,- ասաց Զոհրաբյանը։
Նախորդող հրապարակում՝ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմը կփոխվի. Փոստանջյանն այնտեղ տեղ չունի