.jpg)
Ադիբեկյան. Մաքսային Միությունում կարող ենք պահպանել մեր ազգային դիմագիծը
«Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, հասավ նրան, որ Ռուսաստանը Հայաստանին տվեց մեծ երաշխիքներ և ավանս՝ ատոմակայանի կառուցման, գազի գնի հետ կապված, ինչպես նաև` էներգահամակարգերի արդիականացման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին` նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ Եվրոպան Թուրքիայի ռազմական դաշնակիցն է, իսկ Հայաստանը ամբողջովին գտնվում է Ռուսաստանի անվտանգության համակարգերի պաշտպանության ներքո:
Նրա խոսքով, եթե Եվրոպան իրոք ցանկանար, որպեսզի Հայաստանը անդամակցեր ԵՄ-ին, նրանք կարող էին մեծ ներդրումներ կատարել հայկական տնտեսության մեջ:
«Ռուսաստանում բնակվում են մեծ թվով հայեր, որոնք մի քանի միլիարդ դոլարի հասնող տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով` մտնելով Եվրոպա և կիսելով այնտեղի բոլոր արժեքները` Հայաստանը կասկածի տակ է դնում իր անվտանգությունը:
«Եվրոպան կրճատվող բնակչություն ունի, Հայաստանում էլ բնակչությունը կրճատվում է. մտնելով ԵՄ` մենք ավելի արագ կկրճատվենք: Մաքսային Միությունում մենք կարող ենք պահպանել մեր ազգային դիմագիծը և արժեքները»,- ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանը նշեց, որ բնակչության մեծամասնությունը կողմ է Մաքսային Միությանը, այդ պատճառով էլ դրա դոմ բողոքի ցույցեր գրեթե չեղան:
«Նախագահը հասավ իր նպատակներին. անդամակցելով Մաքսային Միությանը` Հայաստանը պահպանեց համագործակցության կամուրջները Եվրոպայի հետ»,- նշեց Ա. Ադիբեկյանը:
Անդրադառնալով Զարուհի Փոստաջյանի պահվածքին ԵԽԽՎ-ի նիստի ընթացքում` Ադիբեկյանը նշեց, որ պետք է հարգել երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ-ի խոսնակի ինստիտուտը:
«Զարուհի Փոստանջյանի հարցի մեջ պնդում կար, թե իբր նախագահը խաղատանը 70 միլիոն դոլար է պարտվել: Պետք է հարգել նախագահի ինստիտուտը, իսկ Զարուհու հարցի մեջ սադրանք կար»,- ասաց Ա. Ադիբեկյանը: