.jpg)
Բ. Սահակյան. Կրթությունը մեր պետության գերակա ուղղություններից մեկն է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, իսկապես համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում` որպես խորին հարգանքի դրսևորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:
Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Դա մի դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարևոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, և այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին` նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ, թանկագին ուսուցիչներ:
Վստահ եղեք, ձեր խնդիրները միշտ գտնվում են ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն ու գիտությունը հանդիսանում է մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»: