Հուսիկ Արա. Ինձ քցեցին
05/10/2013 15:43

Հուսիկ Արա. Ինձ քցեցին

Բանաստեղծ, լրագրող Ֆելիքս Եղիազարյանը, ով հայտնի է Հուսիկ Արա կեղծանունով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մի օր իրեն ուղղակի տեղեկացրել են, որ Զեյթուն վարչական շրջանում կառուցվող իր բնակարանը այլևս իրենը չէ:

Նրա խոսքով՝ 2010 թ.-ից ՀՀ Նախագահի երաշխավորությամբ ստեղծագործողներին վարկային ցածր տոկոսադրույքով տրամադրվող բնակարաններում գրողներից միայն ինքն էր գրանցված:

«Մատչելի պայմաններով բնակարան գնելու առաջարկը Գրողների միությունը ստացել է 2010 թվականին, ինչն էլ մեծ ոգևորություն առաջացրեց: Ասացին, որ այդ մատչելիությունը ՀՀ Նախագահի երաշխավորությամբ է և իր բարի կամքի դրսևորումն է, որ նման մատչելի պայմաններով բնակարան են տրամադրելու: Ես գումար չունեի, բայց այդ ժամանակ ստացա խոշոր մրցանակ վիպակիս համար և որոշ մասն էլ պարտք անելով՝ վճարեցի 1 մլն 615 հազար դրամ՝1 սենյականոց բնակարանի համար պահանջվող 20 % կանխավճարը և դիմեցի «ՎՏԲ-Հայաստան» բանկ՝ վարկ ստանալու համար»,-ասաց նա:

Բանաստեղծի խոսքով՝ 2 ամիս առաջ էլ իրեն զանգահարել են, թե արի քո ճաշակով ներքին հարդարանքը որոշի և հանկարծ՝ հոկտեմբերի 1-ին զանգ է ստացել, որ ձեր բնակարանը այլևս ձերը չէ:

«Ասում են՝ վճարումը մինչև հոկտեմբերի 1-ը պետք է կատարվեր, այսօր հոկտեմբերի 1-ն է: Բանկը փոշմանել և վարկը մերժել է: Գնում եմ ՎՏԲ բանկ, ասում են՝ ոչ, հաստատված է ձեր վարկը, ուժի մեջ է և պատրաստ ենք վարկավորել: Ստացվում է, որ ես քցվեցի, նամակում էլ նշել եմ, որ պարոն Նախագահ, չեմ ասում՝ ձեր երաշխավորությամբ, բայց այդպես է ստացվում: Եթե ես 1 տարի 7 ամիս իմ գումարը` 1 մլն 615 հազար դրամը բանկում պահեի, վրան 12 տոկոս գումար կավելանար»,-ասաց նա:

Հուսիկ Արայի խոսքով՝ այդ բնակարաններում միակ գրողը ինքն էր մնացել, և իրեն էլ հանեցին ցուցակից:

«Եթե բնակարանների թիրախային խումբ հանդիսացող ստեղծագործողները չեն կարողանում վճարումներ կատարել, բնակարանը տրամադրում են այլ անձանց: Ես էի մնացել գրողներից, որ այնտեղ տուն պետք է ստանայի: Եթե դու ի վիճակի չես վճարելու, տալիս են մեկ ուրիշի, ում` չգիտեմ, բայց ոչ գրողի: Դա գիտեք, Արսեն Քարամյանն է տնօրինում և ԵՊՀ-ի այդ իրավաբան Արմենը: Բոլոր գրողները դժգոհ են, և ես կարողացա դա բարձարձայնել: Իմ բաց նամակից հետո Գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը ևս հանդես է եկել այս դեպքը դատապարտող հայտարարությամբ, Գրողների միության նիստում սա ևս դատապարտվել է, սակայն առ այսօր որևէ զանգ չեմ ստացել որևէ մեկից»,-ասաց ՀուսիկԱրան:
 

Հուսիկ Արա. Ինձ քցեցին