Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը
05/10/2013 17:55

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը

Վաղ առավոտ է, գյուղն արթնանում է. Նախ` արշալույսից վաղ արթնանում է Մանյան, ու սկսվում է միալար ու հավասարաչափ ծանոթ ձայն` Մանյայի ավելի ձայնն է: Նրա պարտքն  է ամեն առավոտ ավլել իրենց տան առաջ` փողոցը, բոլորն էլ ավլում են, սակայն իրենց տան միակ ավլողը Մանյան է. դույլով ջուրը չըփ-չըփ-չըփ… քիչ հետո ավլում է ու ամբողջ նպատակը ավելի ու փողոցի մաքրության մեջ է ամփոփված:

Մանյան մեր հարևանուհին է, փողոցում նրանից մի քիչ զգուշանում են, չեն վախենում. Գիտեն, որ առողջական խնդիրներ ունի, վտանգավոր չէ: Մեկ-մեկ պատահում է պատի երկայնքով գնում-գալիս է` իրեն-իրեն խոսում, կարծես թե մեկի հետ վիճում է ցածրաձայն. Կարծես թե մեկից դժգոհ է. կոնկրետ ինչ-որ մեկից` անորոշ:

Ամուսնացած է, այսինքն` եղել է. երկու աղջիկ, մի տղա ունի, տղան հիմա արտերկրում է, զավակներն ամուսնացած են, մի աղջիկն է երբեմն-երբեմն գալիս մորը տեսնելու:

Մի անգամ, վաղուց էր` մեր տուն էր եկել. տատիկս դեռևս ողջ էր, նրան սուրճ և գաթա հյուրասիրեց, նա էլ .«Էս ձեր տանը ուրախություն կա՞»- «Չէ»,- ասաց տատս- սովորական: «Հա~,»,- երկարացրեց,- «Շուտվանից կոֆե չեմ խմե, չեն տալի»: Սուրճը խմեց, թխվածքը կերավ, ջուր լցրեց դույլերը ու գնաց: Փոքր էի, ուշադիր նայում էի, ինչպես անսովոր արարածի, որ արտառոց մի բան կանի, սակայն չէ, սովորական, խմեց սուրճը, գաթան կերավ, ջուրը լցրեց դույլերն ու գնաց:
 
«Գիտե՞ս` մերս չորս ձեռ տեղաշոր էր կարել իմ օժիտի համար»,- մի անգամ պատմեց Մանյան, «այ էսքան հաստ դոշակներ էին» ու ձեռքով ցույց է տալիս ներքնակի պատկառելի բարձրությունը, «Քո մերը կարա՞ էդքան տեղաշոր տա, իմ մերը տվել ա»,- հպարտանում էր նա:

Կարծես թե չի էլ սանրվում, ինչ-որ անորոշ խալաթ է մշտապես հագին, երբեմն փոխում է.«Ախչի շորս լա՞վն ա»,- երբեմն հարցնում է. «դե լավն ա, էլի, Մանյա» ու վերջ:

Եթե երեխաները հավաքվում են` միանում է նրանց, հարցնում-հետաքրքրվում է, նա փողոցի մի պատառիկն է դարձել, իսկ անունը արդեն ոչ թե հատուկ, այլ ինչպես նման դեպքերում է պատահում, հասարակ անուն է դարձել, երբեմն կլսես` «Հո դու Մանյան չես» կամ էլ Մանյա~ ու յուրօրինակ շեշտադրում. ամեն ինչ հասկանալի է:

Իսկ Մանյան չի խառնվում աշխարհի գործերին, աշխարհն իրենից հեռու է` սարերի հետևում` ինչ-որ տեղ, իրենը փողոցն է` վաղ առավոտյան, բակի ավելով ու անտեսանելի զրուցակցի հետ` անմեղ-դատապարտված:

Աշխարհից իրեն բաժին հասածը, ժամանակի մեջ իրենը հարազատ փողոցն է, ծանոթ դեմքեր ու սպասում հարազատների. «Տղես աշխատում ա, ախչիկս երեխայա ունեցել» ու այսպես ինչ-որ մանրիկ պատմություններ: Ու ամեն օր խմում է իր դեղերը, եթե խմում է` առավոտյան փողոցում է, եթե ոչ` ապա պատի տակ է` գնում-գալիս, խոսում, վիճում ու բորբոքվում: Հազվադեպ կարելի է լսել ինչ-որ անորոշ ճիչեր, որից հետո` լռություն:

Ընտանիքը` արդեն եղբոր ընտանիքը, կարծես թե հաշտվել է` Մանյան է, փողոցում կամ տան մի անկյունում, կամ աշխատում է` մշտապես, տան աղախինը` ամենօրյա աշխատանքով վաստակում է իր օրվա մի կտորը հացը:

«Մանյա, ինչպե՞ս ես»,- հարցնում եմ. «Դե, լավ եմ, դու լավ էլի»: Փորձում եմ խոսացնել` շրջվում հեռանում է:

Ժամանակին տանեցիք ցանկանում էին  հոգեբուժարանում թողնել, պարզվեց թանկ հաճույք է, ավելի էժան է տանը պահել, գոնե տան գործերը կանի, իսկ դեղերը ստանում են կամ էլ գնում: Եթե դեղերն ուշանում են, դա հարևանների համար նկատելի է. Մանյան պատի տակ գնում-գալիս է, վիճում ինչ-որ մեկի հետ` ինչ-որ բանի մասին:

Պատմում էին, որ ժամանակին ամեն ինչ լավ էր` տուն, ընտանիք, բայց երրորդ երեխան բժիշկները խորհուրդ չէին տվել ունենալ, զգուշացրել էին` հոգեկան շեղումներ կլինեն, չար լեզուներն ասում են, որ սկեսուրն է ստիպել երրորդ երեխան ունենալ, որից հետո բժիշկների կանխատեսումն իրականացել է ու` Մանյային վերադարձրել էին հորանց տուն. ու արդեն 20 տարուց ավելի է`  դարձել է հոր տան աղախինը... չորս ձեռք տեղաշորը հետ չէին տվել...

Բայց ժամանակն ավելի զորեղ էր ու կարողացավ Մանյային հաշտեցնել փողոցի, աշխարհի ու ինքն իրեն հետ: Արդեն սովորական է` առավոտյան Մանյան ջուր է ցողում փողոցում չըփ, չըփ, չըփ ու հետո խնամքով ավլում. Աշխարհի ու Մանյայի համար բացվում է օրը, ինչպես ամեն օր:

Aysor.am-ին Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ասաց, որ կարևոր է`  հոգեկան առողջություն ունեցող անձինք լինեն հասարակության մեջ ու ինտեգրվեն հասարակությանը: Կարևոր է նաև  չխարանել հոգեկան առողջական խնդիրներ ունեցողներին, չծաղրել ու չարհամարհել. Հիվանդը պետք է զգա, որ ինքը հանրության անդամ է: Նա նաև հիշեցրեց, որ յուրաքանչյուր չորրորդը կյանքի ընթացքում ունենում է հոգեկան խնդիրներ:

Այժմ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներով 45 հազար հաշվառված անձ կա, որոնց ստացիոնար բուժման համար պետությունը տրամադրում է օրեկան 5 900 դրամ գումար. շատ է, թե քիչ, փորձում են տեղավորվել այդ գումարի շրջանակներում: 5 900 դրամի մեջ մտնում է և' բուժումը, և' դեղորայքը, և' շենքերի վերանորոգումը և այլն:

Մի մարդու պատմություն. Մանյա. Աշխարհի մաքրությունն իր վրա վերցրած կինը