.jpg)
«Փակ շուկան» պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 9-ին
«Փակ շուկան» հոկտեմբերի 9-ին պաշտոնապես կբացվի, բայց այսօր արդեն շուկայում կարելի է առևտուր անել: Այս մասին Aysor.am-ին հայտնեց շուկայում շինաշխատանքները ղեկավարող Լևոն Խաչատրյանը: Նա նաև հայտնեց, որ բացումը տեղի կունենա ժամը 12:00-ին:
Նշենք, որ նախօրեին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ դիմել էր իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել շուկայի հարցով:
Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները:
Մշակույթի նախարարությունը սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել նախարարություն` համաձայնեցման, ինչը չի արվել: 2013-ի մայիսի 13-ին նախարարությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:
Երևանի քաղաքապետարանն իր վերջին գրությամբ հայտնել է, որ շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն քաղաքապետարանի պահանջը չի կատարվել: Այժմ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Վերջերս հրապարակված լուսանկարներից երևում է, որ շուկան հարկերի է բաժանված:
նախորդող հրապարակումներ ՝ «Փակ շուկայի բացման լենտը լրագրողները կկտրեն, էդքան լավ լուսաբանում էին»