.jpg)
«Աշ-Շաբաբը» փորձում է տարածաշրջանային գործոն դառնալ
2013 թ-ի հոկտեմբերի 5-ի երեկոյան ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնի գործողություն են իրականացրել սոմալիական Բարաուա քաղաքում: Նպատակը եղել է «ալ-Կաիդային» հարող իսլամական ծայրահեղական «Հարաքաթ աշ-Շաբաբ ալ-Մուջահիդին» («աշ-Շաբաբ») խմբավորման առաջնորդ Աբու Զուբայրի ծովափնյա առանձնատան գրավումը: Գրեթե միաժամանակ Աֆրիկայի այլ հատվածում՝ Լիբիայում, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված օպերացիայի որդյունքում առևանգվել է 1998 թ-ին Քենիայում և Թանզանիայում իրականացված ահաբեկչական բռնարարքների կազմակերպման մեջ մեղադրվող Աբու ան-Նաս ալ-Լիբին: Եթե վերջին դեպքում ամերիկացիներին հաջողվել է առևանգել ալ-Լիբիին, ապա Սոմալիում, կարծես թե, նրանք ձախողել են:
Մինչ ամերիկյան իշխանությունները լռում էին Սոմալիում իրականացված օպերացիայի վերաբերյալ, «աշ-Շաբաբի» ներկայացուցիչները համացանցում տարածեցին լուսանկարներ, որտեղ պատկերված էին զինհանդերձանք և զինամթերք, որոնք իսլամականների պնդմամբ ձեռք են բերվել գործողությունների վայրը լքած ամերիկացիներից:
ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչը՝ Ջորջ Լիթլը, երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 7-ին, պաշտոնապես հայտարարեց, որ Սոմալիում ամերիկյան հատուկ ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունն ուղղված էր «աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբդալքադիր Մուհամմադ Աբդալքադիրի (Իքրիմա) դեմ՝ հավելելով, որ չնայած գործողությունների արդյունքում Իքրիման չի ձերբակալվել, սակայն ամերիկյան զինծառայողներն այն իրականացրել են աննախադեպ ճշգրտությամբ:
Ինչևէ, ըստ տեղեկությունների, ամերիկյան հատուկ ստորաբաժանումները հանդիպել են «աշ-Շաբաբի» դիմադրությանը, և սկսված փոխադարձ կրակահերթերի հետևանքով ամերիկացիները ստիպված են եղել լքել ռազմական գործողության վայրը՝ թողնելով այնտեղ իրենց զինհանդերձանքը: Ըստ էության՝ Սոմալիում հոկտեմբերի 5-ին ԱՄՆ հատուկ ստորաբաժանման կողմից իրականացված հատուկ գործողությունները նույնպես կարելի է դասել ձախողված գործողությունների շարքին:
Պետք է փաստել, որ սա այս տարվա ընթացքում արևմտյան հատուկ ստորաբաժանումների երկրորդ ձախողված գործողությունն էր Սոմալիում. Առաջինը տեղի էր ունեցել դեռևս փետրվարին, երբ ֆրանսիական հատուկ ստորաբաժանումը չկարողացավ իրականացնել իր առջև դրված խնդիրը և ազատագրել «աշ-Շաբաբի» մոտ պատանդ պահվող իրենց աշխատակցին:
«Աշ-Շաբաբը» վստահ քայլերով ուզում է ամրապնդվել «ալ-Կաիդայի» մեծ ընտանիքում, ինչը նրան չէր հաջողվում իր որդեգրած ահաբեկչական գործողությունների մարտավարության պատճառով (այդ ժամանակ «աշ-Շաբաբի» կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների զոհ էին գնում նաև բազմաթիվ մուսուլմաններ): «Աշ-Շաբաբի» վերոհիշյալ ջիհադական պայքարը նույնիսկ 2000 ական թթ-ին հարուցեց «ալ-Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն-Լադենի քննադատությունը: Սակայն հետագայում «աշ-Շաբաբը», աստիճանաբար փոխելով գործողությունների ուղղվածությունն ու թիրախները, ընդունեց ծայրահեղական խմբավորումների համար սահմանված ընդհանուր խաղի կանոնները՝ քայլ առ քայլ ավելի ամրապնդելով սեփական ներկայությունը «ալ-Կաիդա» իսլամական ծայրահեղական կառույցում, ինչը հաստատվեց 2012 թ-ի փետրվարին:
Այս տարվա սեպտեմբերի 21-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում «աշ-Շաբաբի» մարտիկների կողմից հարձակման ենթարկվեց «Վեսթգեյթ Մոլլ» առևտրի կենտրոնը, ինչի հետևանքով եղան 60-ից ավելի զոհեր և բազմաթիվ վիրավորներ: Այս բռնարարքները ցույց տվեցին, որ «աշ-Շաբաբը» փորձում է հետ չմնալ համընդհանուր ջիհադական պայքարից՝ հարձակում գործելով արդեն իր վերահսկողության տարածքներից (Սոմալիի տարածքի զգալի մասը, հատկապես հարավային շրջանները 2000 ականների կեսերից անցել են իսլամականների վերահսկողության տակ) դուրս, հատկապես քրիստոնեական երկրի՝ Քենիայի նկատմամբ:
Իրողությունը հետևյալն է՝ «աշ-Շաբաբը» վերածվում է տարածաշրջանային գործոնի, իսկ Սոմալիում և այլ տարածքներում, որտեղ այդ կառույցը ամրապնդվում է, ստանալով տեղի բնակչության աջակցությունը, ավելի է բարդացնում ոչ միայն սոմալիական իշխանությունների և այլ երկրների, այլև հատուկ ստորաբաժանումների կողմից «աշ-Շաբաբի» նկատմամբ ծրագրավորված գաղտնի գործողությունները: