Եվրոպական խորհրդարանում տրվեց «Եվրոպական երիտասարդական միջոցառման» մեկնարկը
08/10/2013 17:45

Եվրոպական խորհրդարանում տրվեց «Եվրոպական երիտասարդական միջոցառման» մեկնարկը

Այսօր Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում տեղի ունեցավ «Եվրոպական երիտասարդական միջոցառման» (The european youth event- EYE) մեկնարկը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակիցը։

EYE 14-ը, որն անցկացվելու է 2014թ․-ի մայիսի 9-ից 11-ը, հնարավորություն կտա ԵՄ, թեկնածու և հարևանության երկրների՝ (այդ թվում Հայաստանի) 16-ից 30 տարեկան հազարավոր երիտասարդների հանդիպել ԵՄ-ում որոշում կայացնող քաղաքական գործիչների, պրոֆեսիոնալների հետ և քննարկել, լուծումներ առաջարկել երիտասարդներին հուզող հարցերի վերաբերյալ։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մ․ Շուլցն իր ողջույնի խոսքում ասաց․ «Մենք ցանկանում ենք ձեզանից լսել, թե ինչպես է ճգնաժամն ազդում ձեր կյանքի որակի վրա և, ինչ եք կարծում, ինչ է անհրաժեշտ անել։ Մենք ցանկանում ենք լսել, թե ինչպես կարող ենք վերականգնել Եվրոպայի ապագայի նկատմամբ ձեր վստահությունը։ Ցանկանում ենք լսել, թե Եվրոպան ինչպիսին պետք է լինի ապագայում։ Լսել ձեր ցանկությունների և երազանքների մասին։

EYE-ը ձեր հնարավորությունն է՝ փոփոխություն մտցնել մեր աշխատանքում, կազմել առաջիկա 5 տարիների օրակարգը»։

Մ․ Շուլցը երիտասարդներին հորդորեց ակտիվ լինել, մասնակցել, լսելի դարձնել իրենց ձայնը և վերջապես վայելել միջոցառումը։

«Եվրոպական երիտասարդական միջոցառման» անցկացման վայրն ընտրվել է Ստրասբուրգը, ինչի համար քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Մարտին Շուլցին։

EYE 14-ի շրջանակներում անցկացվելու է տարբեր միջոցառումներ՝ «Գաղափարներ ավելի լավ Եվրոպայի համար» կարգախոսով։

Երիտասարդները հիմնականում կենտրոնանալու են երիտասարդների գործազրկության, թվային հեղափոխության, Եվրոպական միության ապագայի կայունության և եվրոպական արժեքների վրա։

Նշենք, որ մասնակցության համար այսօրվանից բացվում է առցանց գրանցում։ 

Եվրոպական խորհրդարանում տրվեց «Եվրոպական երիտասարդական միջոցառման» մեկնարկը