.jpg)
Իսրայելցիներն ամենաշատը վստահում են երկրի պաշտպանության բանակին
Ուշագրավ զեկույց է ներկայացրել իսրայելական «Ժողովրդավարության ինստիտուտը», որտեղ «չափվել է» շարքային իսրայելցու վստահութան աստիճանը պետական մարմինների և որոշ կառույցների հանդեպ: Արդեն ավանդական է դարձել` իսրայելական հասրակության վստահության ամենաբարձր ցուցանիշը վայելում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ). նրան վստահում են հարցվածների 90,9%-ը, երկրորդ տեղում` երկրի նախագահն է` 78,7%, չնայած որ նախագահի ինստիտուտն Իսրայելում օժտված չէ լայն գործադիր գործառույթներով. կառավարման ձևի տեսանկյունից` այն պառլամենատական հանրապետություն է: Ի տարբերություն` վարչապետին վստահում են իսրայելցիների 48 %-ը:
Հրեաներն ամենաքիչը վստահում են քաղաքական կուսակցություններին` 37%, ապա` հոգևորականությանը`42%, ԶԼՄ-ներին` 48,1%, իսկ դատարաններին` 49,7%-ը:
Զեկույցում նշվում են նաև այլ ուշագրավ տվյալներ: Օրինակ` հրեաների 43%-ը կարծում է, որ երկրի վիճակը միջին է, 37 %-ի կարծիքով` լավ է, իսկ 18 %-ը գտնում է, որ իրավիճակը վատ է:
Ըստ 67,8% հարցվածների` ավելի լավ է երկրում լինեն քիչ թվով մեծ կուսակցություններ, քան` մեծ քանակությամբ` փոքր:
Հրեաների 66,6 %-ն զգում է ամուր կապն Իսրայելի հետ, իսկ 83,3 %-ը հպարտանում է, որ իսրայելցի է: Եվս մեկ հետաքրքիր ցուցանիշ` 63,5 %-ը պատրաստ է վճարել ավելի շատ հարկեր` նպաստելու համար հասարակության սոցիալ-տնտեսական բևեռացման նվազմանը:
Եվ վերջում, հարցված հրեաների 66,7 %-ը համոզված է, որ Իսրայելի համար ճակատագրական համարվող հարցերում անհրաժեշտ է հաշվի առնել հրեական մեծամասնության կարծիքը:
Ինչ խոսք, ուսանելի և օրինակելի հարցում է, և ոչ պակաս հետաքրքիր տվյալներ են: Հատկապես գովելի է շարքային իսրայելցու` սեփական ազգի, պետության կառավարման և պետական կառույցների գործունեության հանդեպ ոչ կրավորական մոտցումները, նրա պատրաստակամությունը` վճռորոշ դերակատարում ունենալու` երկրում ընթացող զարգացումներին և առանցքային կարևորություն ունեցող հիմնախնդիրների հետ կապված: