Երևանում կանցկացվի ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով
09/10/2013 20:08

Երևանում կանցկացվի ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում կկայանա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով՝ «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ:

Համաժողովին կքննարկվեն մայրաքաղաքների կառավարմանն առընչվող հարցեր, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած մարտահրավերները: Համաժողովը նաև հնարավորություն կընձեռի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում լավագույն փորձի փոխանակման և արձանագրած առաջընթացի ներկայացման համար:

Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ:

Համաժողովը կբացեն Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վորմիշամը:

Քննարկումները կազմակերպված են լինելու հետևյալ հիմնական թեմաների շուրջ. մայրաքաղաքների աճող դերը և կյանքի որակը, մայրաքաղաքների կառուցվածքային հնարավորությունը կյանքի որակի մարտահրավերներին անդրադառնալու համար:

Համաժողովի ավարտին կներկայացվեն քննարկումների արդյունքների հիման վրա եզրակացություններ:

Երևանում կանցկացվի ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով