Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից
09/10/2013 13:24

Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից

Վերաքննիչ դատարանում ակտիվիստ Տիգրան Առաքելյանը քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից, քանի որ քաղաքական հալածանքների զոհ է հանդիսանում:

Դատավոր Եվա Դարբինյանը մերժեց Տ. Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որովհետև նրա խոսքով` համաներման օրենքը կիրառելու դեպքում Տ. Առաքելյանին կալանքի տակ պահելու հիմք չի լինի: 

Տ. Առաքելյանը դրանից հետո հայտարարեց, որ ինքը հրաժարվում է համաներումից ու չի հասկանում, թե ինչու պետք է ևս երկու ամիս մնա կալանքի տակ։ Տ. Առաքելյանին հեռացրեցին դահլիճից:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը մայիսի 8-ին որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության՝ գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Նախորդող հրապարակում` Մեղադրող կողմը ՀԱԿ ակտիվիստի համար պահանջեց 6 տարվա ազատազրկում

Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

Տ. Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը մերժվեց. Դատավորը հեռացավ դահլիճից

Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից